Հնդկաստանը եւ Պակիստանը նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին խուսափել Իրաք մեկնելուց այն բանից հետո, երբ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքում ամերիկյան բազաներին, տեղեկացնում է Reuters-ը։

«Հաշվի առնելով Իրաքում ստեղծված իրավիճակը՝ Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Իրաք ցանկացած ուղեւորությունից մինչեւ հետագա ծանուցում»,- ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Իրաքում ապրող Հնդկաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգոն լինել եւ խուսափել տեղաշարժերից երկրում»։ Նշվում է, որ Բաղդադում Հնդկաստանի դեսպանությունը եւ հյուպատոսությունն Էրբիլում շարունակում են աշխատել։

Ավելի ուշ, չորեքշաբթի, Պակիստանի ԱԳՆ մամուլի քարտուղարն է գրել Թվիթերում, որ պակիստանցիները պետք է «առավել զգույշ լինեն Իրաք այցելություն պլանավորելիս»։