ԱՄՆ-Իրան դիմակայությունն ուղիղ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով այն, որ երկկողմ հարաբերություններում ճգնաժամը երկարաժամկետ բնույթ է ձեռք բերում: Այս մասին հունվարի 8-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նրա խոսքով՝ կարելի է ենթադրել, որ Իրանի հյուսիսային սահմաններում լարվածություն ստեղծելու փորձ կձեռնարկվի:

«Բացառված չէ, որ եթե այժմ ամերիկացիները մտնում են Իրան հարավից՝ Պարսից ծոցով, ապա հետագայում նրանք կկարողանան մտնել Վրաստանի միջով: Պետք չէ բացառել նաեւ այն, որ ԱՄՆ-ը փորձում է իր կողմը քաշել Ադրբեջանին, ինչը Բաքուն կփորձի ժխտել»,- նշեց նա:

Տարասովը նշեց, որ Պուտինն ու Էրդողանը, որոնք այսօր բացել են «Թուրքական հոսքը», կարող են միջնորդ հանդիսանալ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում՝ ստեղծելով դիվանագիտական թրաֆիք եւ թույլ չտալով իրավիճակի ֆորս-մաժորային զարգացում:

«Այդ ամենը խոսում է Ռուսաստանի եւ Թուրքիայի սերտ համագործակցության մասին, եւ այդ իրավիճակում Անկարան եւս Բաքվին թույլ չի տա ԱՄՆ-ի հետ «գործարքի գնալ»: Թուրքիան կդառնա կշռաքար Բաքվի ոտքերի տակ, ինչը կկաշկանդի ուժային տարբերակով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի հնարավորությունները»,- պարզաբանեց քաղաքագետը:

Տարասովը նկատեց, որ առանց Թուրքիայի Բաքուն չի դիմի նման արկածախնդրության, իսկ դա նշանակում է, որ կպահպանվի ստատուս-քվոն, իսկ բարդացումներ կարող են առաջանալ, եթե իրադարձությունները զարգանան նոր ֆորս-մաժորային սցենարով, սակայն այս պահին համաշխարհային դիվանագիտության նպատակը իրավիճակի կարգավորումն է:

«Հատկանշական է, որ մի քանի ամիս առաջ Ռուսաստանը հայտարարեց, որ ամրապնդում է Գյումրիի ռազմաբազան, ինչի մասին եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում լռեցին: Սակայն այժմ հասկանալի է դառնում, որ Մոսկվան արդեն այդ ժամանակ սպասում էր իր սահմանների հարավում իրավիճակի հնարավոր ապակայունացում»,- եզրափակեց նա:

Նշենք, որ հունվարի 8-ին ԱՄՆ-Իրան դիմակայության ֆոնին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել են «Թուրքական հոսք» գազամուղի մեկնարկը: