Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը վշտացած է թոռան՝ արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ծրագրերի պատճառով՝ ֆինանսական արտոնություններից հրաժարվելու եւ ինքնուրույն ապրելու վերաբերյալ, հայտնում է Sun պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

«Նրանց հայտարարությունը որեւէ մեկի հետ չի համաձայնեցվել: Սա արարողության խախտում է: Սա ընտանիքին պատերազմ հայտարարել է... Թագուհին անչափ վշտացած է: Ուելսի արքայազնը (Չառլզը) եւ Քեմբրիջի դուքսը (Ուիլյամը) զայրացած են»,- հայտնել է աղբյուրը:

Բրիտանացի արքայազն Հարրին եւ նրա կինը՝ ամերիկուհի Մեգան Մարքլը, որոշել են հրաժարվել ֆինանսական արտոնություններից, որ նրանց տրամադրվում է ըստ կարգավիճակի, եւ ինքնուրույն փող վաստակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկար ամիսներ տեւած մտորումներից եւ քննարկումներից հետո մենք որոշում ընդունեցինք այս տարի սկսել աստիճանական անցումը այդ ինստիտուտի (միապետության) ներսում առաջադեմ նոր դերին: Մենք մտադիր ենք հրաժարվել թագավորական ընտանիքի «բարձրաստիճան» անդամներ համարվելուց եւ աշխատել, որպեսզի դառնանք ֆինանսապես անկախ՝ շարունակելով լիովին աջակցել Նորին մեծություն թագուհուն»,- Instagram-ում հայտարարել են Սասեքսի դուքսն ու դքսուհին:

«Հիմա մենք մտադիր ենք մեր ժամանակը բաժանել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ՝ շարունակելով հարգել թագուհու, Ազգերի համերաշխության եւ մեր հովանավորած կազմակերպությունների նկատմամբ մեր պարտքը: Այս աշխարհագրական հավասարակշռությունը թույլ կտա մեր որդուն դաստիարակել թագավորական ավանդույթների հանդեպ հարգանքով, որոնցում նա ծնվել է, բայց միաժամանակ մեր ընտանիքին տարածություն կտա, որ կենտրոնանանք հաջորդ փուլի վրա, այդ թվում՝ մեր նոր բարեգործական կազմակերպության ստեղծման վրա»,- նշել են նրանք:

Արքայազն Հարրին եւ Մեգանը նշել են, որ շարունակում են համագործակցել թագուհու, արքայազն Չառլզի եւ արքայազն Ուիլյամի հետ, ինչպես նաեւ շնորհակալություն են հայտնել իրենց բաժանորդներին եւ երկրպագուներին աջակցության համար:

Թագավորական ընտանիքի պաշտոնական ծախսերը փակվում են, այսպես կոչված, «ինքնավար դրամաշնորհով», որը հատկացնում է կառավարությունը: Դրամաշնորհը ստեղծվում է շահույթի տոկոսից, որը բերում են գահին պատկանող եւ կառավարության ենթակայության տակ գտնվող բազմամիլիարդանոց կալվածքները: Դրամաշնորհի միջոցները ստանում են թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամները, որոնք իրենց ամբողջ «աշխատանքային» ժամանակը տրամադրում են թագավորական պարտականությունների կատարմանը:

Բարձրաստիճան անդամներին են դասվում թագուհին, նրա երեխաները, ավագ որդուց թոռները՝ արքայազններ Ուիլյամը եւ Հարրին, եւ նրանց կանայք: Այս շրջանակից դուրս գալու Հարրիի եւ Մեգանի որոշումը լրջորեն կփոխի միապետության դեմքը:

Նախկինում արքայազն Հարրին չէր թաքցնում, որ բարձր կարգավիճակն իրեն ճնշում է, հատկապես մոր՝ արքայադուստր Դիանայի մահից հետո, որը զոհվել էր պապարացիների հետապնդման հետեւանքով: Մեգանը, որն անցյալում դերասանուհի էր, «Ֆորս-մաժորներ» (Suits) սերիալի աստղը, վերջերս կատարել էր թագավորական ընտանիքի անդամի համար սենսացիոն հայտարարություն, որ ծանր է տանում իրեն ուղղված լրատվամիջոցների քննադատությունը: