ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը նամակ է ուղարկել կազմակերպության Անվտանգության խորհուրդ, որում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել Թեհրանի հետ առանց նախապայմանների՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար, տեղեկացնում է Ռոյթըրը՝ հղում կատարելով փաստաթղթին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ Քրաֆթի՝ Միացյալ Նահանգները փորձում է «թույլ չտալ միջազգային խաղաղության եւ կայունության հետագա սպառնալիք կամ թեժացում Իրանի ռեժիմի կողմից»։

Բացի այդ, մշտական ներկայացուցիչը գրել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը «արդարացված» է ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածով, որը պետությանն ինքնապաշտպանության իրավունք է տալիս։

Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ ավիահարվածները իրաքյան «Ալ Հաշդ աշ Շաաբ» շիական աշխարհազորին 2019 թվականի դեկտեմբերի 29-ին հասցվել են «ի պատասխան Իրանի եւ նրա աջակցությունը վայելող կազմավորումների կողմից ամերիկյան ուժերի եւ Մերձավոր Արեւելքում նրա շահերի դեմ հարձակումների»։

Հունվարի սկզբին Վաշինգտոնը Սոլեյմանիի սպանության գործողություն իրականացրեց, Իրանը պատասխանեց իրաքյան ռազմակայաններին հրթիռային հարվածով, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր։ ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չկան։