Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի անվտանգության բաժնի պետ Աբդոլլահ Արագին ամերիկյան թիրախներին հրթիռային հարվածներից հետո հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «թշնամուց ավելի դաժան վրեժ կլուծի», հայտնում է Tasnim գործակալությունը:

«ԻՀՊԿ-ն, փաստորեն, Իրանի ղեկավարության ամենաուժեղ սպառազինություններից մեկն է եւ մոտ ապագայում թշնամուց ավելի դաժան վրեժ կլուծի»,- ասել է Արագին:

Չորեքշաբթի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իրաքում ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար հատուցում գործողության մասին: «Հող-հող» դասի հրթիռները Իրանից արձակվել են Իրաքի արեւմուտքում Էյն ալ Ասադ բազայի եւ Էրբիլում բազայի վրա, որտեղ տեղակայված է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ բանակի զորակազմը: Վաշինգտոնի տեղեկություններով՝ հարվածի հետեւանքով ԱՄՆ քաղաքացիներից ոչ մեկը չի տուժել, հասցվել է միայն նյութական վնաս:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հանդես էր եկել ազգին հղած ուղերձով, որում հայտնել էր, որ Վաշինգտոնն ի պատասխան կսահմանափակվի նոր պատժամիջոցներ սահմանելով եւ Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելով: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ նամակ է ուղարկել, որում հայտնել է Իրանի հետ բանակցություններին ԱՄՆ պատարաստակամության մասին՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար առանց նախնական պայմանների: