Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երեւում են Իրաքի արեւմուտքում Էյն-ալ-Ասադ ամերիկյան բազայի ուղղությամբ հրթիռային հարվածի հետեւանքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դատելով տեսանյութից՝ փլուզվել են շենքերը, բացի այդ, ամբողջ տարածքով մեկ ցրված են հրթիռից մնացած բազմաթիվ բեկորներ:

ԱՄՆ-ի եւ Իրանի երկխոսությունը երկար տարիներ լարված բնույթ է կրում, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Վիճելի հարցերի թվում է իրանական ատոմի թեման: Բացի այդ, Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է ահաբեկչության սատարման եւ մարդու իրավունքների խախտման մեջ: Իրանում մեղադրանքները հերքում են:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ եւ սպանել ԻՀՊԿ «Կուդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը մշակել է վրեժխնդրության 13 սցենար, «որոնցից ամենամեղմը ԱՄՆ-ին մղձավանջ կթվա»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, հխոստացել է ամերիկացիների վրա հարձակման դեպքում «արագ եւ ուժեղ հարված» հասցնել Իրանում 52 թիրախների ուղղությամբ:   

Հունվարի 8-ի գիշերը ԻՀՊԿ-ը հայտարարել է Սոլեյմանիի սպանության համար վրեժի օպերացիայի սկզբի մասին: Թեհրանը «երկիր-երկիր» դասի հրթիռ է արձակել Էյն-ալ-Ասադ ամերիկյան բազայի ուղղությամբ: Ընդ որում, ամերիկացիներից ոչ ոք չի զոհվել:

Համաշխարհային հասարակությունը կողմերին զսպվածության կոչ է արել: