Հայտնի են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության իրական պատճառները, գրում է AntiFake.am-ը:

Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել է սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել է ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, և հենց այս պատճառով է աշխատանքից հեռացվել վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

AntiFake.am-ն ի սկզբանե՝ Ամանորի գիշերը, ֆիքսել էր ամանորյա ուղերձում առկա կրկնությունը, սակայն տիրապետելով նաև վարչապետի աշխատակազմում առկա խժդժություններին ձեռնպահ ենք մնացել դա հանրայնացնելուց՝ սպասելով հնարավոր զարգացումներին:

Այսպես, News.am-ի յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի 4.40-4.56 վայրկյանում Նիկոլ Փաշինյանն ասում է. «2020թ.-ը դառնալու է թերահավատների հուսավառության և հավատավորների թռիչքի տարի: Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, սոցիալական  և հոգեբանական թռիչքի տարի»:

Նույն տեքստը Նիկոլ Փաշինյանը բառացի կրկնում է 06:17-06.30 վայրկյանում, ապա խոժոռվում է, փոքր ընդմիջում վերցնում և շարունակում:

Նշենք, որ Կառավարության պաշտոնական յութուբյան ալիքում Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի կրկնվող երկրորդ հատվածը մոնտաժվել է և հանվել (տեսանյութի 8:40 վայրկյանից): Սա վկայում է այն մասին, որ ստով և կեղծիքով առաջնորդվող իշխանությունը հերթական անգամ քողարկում է իրականությունն իր ձախողումները հանրությունից թաքցնելու համար:

Սա Ամանորի գիշերը տեղի ունեցած միակ բացթողումը չէր: Ամանորի գիշերը չհեռարձակվեց նաև ՀՀ օրհներգը, ինչը «Օրհներգի մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Եվ սա այն դեպքում, երբ  Փաշինյանի տեղեկատվական սպասարկման համար գործում է ավելի քան 200 աշխատակցից բաղակացած «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հիմնականում զբաղվում է սոցցանցերում իշխանությանը քննադատողների դեմ ֆեյքային հարձակումներ իրագործելով: Եվ ֆեյքային հարձակումները, ըստ չհերքվող տեղեկությունների, ղեկավարում է անձամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: