Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին խնդրել է պատվիրակություն ուղարկել Իրաք, որը կմշակի Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու մեխանիզմ, տեղեկացնում է AP-ը՝ հղում կատարելով Մահդիի հայտարարությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում Մահդին Պոմպեոյին ասել է, որ Իրաքը չի ընդունում իր ինքնիշխանության բոլոր խախտումները, ներառյալ իրանական հրթիռային հարվածներն Իրաքի ռազմակայաններին, որոնք օգտագործվել են ամերիկացիների կողմից, ինչպես նաեւ Իրաքի օդային տարածքի խախտումներն ամերիկացիների կողմից ավիահարվածի համար, որի հետեւանքով զոհվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին։
Մահդին խնդրել է Պոմպեոյին «պատվիրակներ ուղարկել Իրաք՝ երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին խորհրդարանի բանաձեւի կատարման մեխանիզմի ստեղծման համար»։
«Վարչապետն ասել է, որ ամերիկյան զորքերն Իրաք են մտել, եւ անօդաչու սարքերը թռչում են նրա օդային տարածքում առանց իրաքյան իշխանությունների թույլտվության, եւ դա երկկողմ համաձայնագրերի խախտում է»,- ասվում է հայտարարությունում։
Իրաքյան օրենսդիրները ընդունել են ոչ պարտադիր բանաձեւ ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ավիահարվածից հետո, որի հետեւանքով սպանվել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ իրաքյան աշխարհազորի հրամանատար Աբու Մահդ ալ Մուհանդիսը։




























