Կատալոնցի քաղաքական գործիչ Օրիոլ Ժունկերասը, որը գտնվում է իսպանական բանտում, զրկվել է Եվրախորհրդարանի պատգամավորի մանդատից։ Փաստաթուղթը, որը վկայում է նրա լիազորությունների մասին, ուժը կորցրել է հունվարի 3-ին, ասվում է Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիի հայտարարությունում, տեղեկացնում է DW-ն։

Սասոլին մտադիր է դիմել Իսպանիայի իշխանություններին՝ Եվրախորհրդարանի նոր անդամին անվանելու խնդրանքով, որը կզբաղեցնի Ժունկերասի տեղը։

Եվրամիության խորհրդարանը պարտավոր է անհապաղ ի գիտություն ընդունել ԵՄ մասնակից երկրների իրավասու դատական մարմինների որոշումը, ընդգծվում է փաստաթղթում։ Իսպանիայի Գերագույն դատարանը (ԻԳԴ) հունվարի 9-ին հրաժարվել է ազատ արձակել Օրիոլ Ժունկերասին։ Մադրիդի դատարանը կարծում է, որ Ժունկերասի վրա, որը եվրապատգամավոր էր ընտրվել Կատալոնիայից 2019 թվականի մայիսի 26-ին, չի տարածվում պատգամավորական անձեռնմխելիությունը, քանի որ նրա հանդեպ կայացվել է դատավճիռ, որը բողոքարկման ենթակա չէ։

Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը 2019 թվականի դեկտեմբերին որոշում  է կայացրել, որ Ժունկերասը որպես ընտրված պատգամավոր իրավունք ունի գալու Ստրասբուրգ մանդատ ստանալու եւ որպես Եվրախորհրդարանի անդամ աշխատելու համար։ Բայց ԻԳԴ-ն մինչեւ որոշում կայացնելը հարցում է արել Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, դատախազությանը եւ պետական փաստաբանությանը։ ԵՄ դատարանի պահանջը բավարարելու օգտին արտահայտվել է միայն փաստաբանությունը։

2019 թվականի հոկտեմբերին թագավորության Գերագույն դատարանը 9-13 տարվա բանտարկության է դատապարտել կատալոնցի ինը քաղաքական եւ հասարակական գործիչների 2017 թվականի հոկտեմբերին Կատալոնիան Իսպանիայից առանձնացնելու փորձի պատճառով։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել տարածաշրջանի ինքնիշխանության անօրինական հանրաքվեի անցկացման ու նրա անկախության հռչակման մեջ։ Կատալոնիայի ինքնավարության նախկին փոխնախագահ Ժունկերասը ստացել է ամենաերկարատեւ ազատազրկումը։

Մադրիդի դատարանի որոշումը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել ինքնավարության քաղաքներում։ Նոյեմբերին Կատալոնիայի խորհրդարանը նորից քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին։