Եթե եղել է, դա հանցագործություն է, այստեղ երկու կարծիք չկա, հետևաբար հանցագործությունը մեկնաբանելը դժվար է: Այս մասին Tert.am-ին ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորներին հեռացնելու համար:
«Բնական համարել, որ երկրի ղեկավարը կարող է հրահանգներ տալ և փորձել դրա վերաբերյալ ինչ-որ վերլուծություն կատարել, սխալ է, վերլուծություն կարելի է կատարել միայն քրեաիրավական դաշտում: Եթե նման բան կա, ապա դա ական է, որ մի օր կպայթի»,- ասել է իրավաբանը:
Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ իշխանությանը զսպել կարող է միայն հանրությունը: «Եթե այդ լուրը հաստատվի, այստեղ պետք է գործեն այն նույն մեխանիզմները, որոնք գործում էին 2018 թվականին, երբ ներկայիս իշխանավորները բողոքում էին նախկին իշխանություններից: Այլ մեխանիզմներ չկան, որովհետև պետական ապարատը դրված է մի նպատակի ծառայելու»,- նշել է նա, հավելելով, թե չի կասկածում, որ այդ հրահանգը կկատարվի, եթե այն տրված է:
Անդրադառնալով իր պաշտպանյան, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի մեղադրանքի լրացման ու վերստին կալանավորմանը, փաստաբանը նշել է, որ մեղադրանքը դատարկություն է:
«Պարզապես ծիծաղելի է, որևէ հիմնավորում չունեցող: Մեկ անձի անհեթեթ իրարամերժ, կցկտուր ցուցմունքի վրա կառուցված մեղադրանք է: Խոսքը նոտարական պալատին վերաբերող դրվագի մասին է, նախորդ դրվագներից մեկին, որ մնացել էր մեղադրանքում, դրանք ծիծաղելի են, քանի որ վերաքննիչ քրեական դատարանը ունի որոշում, որ այդտեղ հիմնավոր կասկած չկա, հիմնավոր կասկած չկա նաև մյուսով: Այնպես չէ, որ ես լավ իրավաբան եմ, իսկ օրինակ՝ դատախազությունում կամ հատուկ քննչական ծառայությունում վատ իրավաբաններ են. այսինքն՝ նրանք հասկանալով են դա անում, իսկ հասկանալով նման բաներ տեղի են ունենում, երբ առկա է պատվեր կամ հրահանգ, ցավոք, դատարանն էլ վերջում իր կնիքով հաստատեց այս խայտառակությունը, և Նորայրը նորից կալանավորված է»,- ասել է նա:
Աթանեսյանը համոզմունք է հայտնել, «որ Նորայրը տուժում է այն պատճառով, որ Հրայր Թովմասյանի ընկերն ու սանիկն է: Հիմա եթե առաջին ատյանի դատարանը մերժեր կալանավորումը և հիմք ընդուներ մեր պատճառաբանությունները, ապա կստացվեր, որ Հրայր Թովմասյանին առաջադրած մեղադրանքն էլ է փուչիկ: Դատավոր Գագիկ Պողոսյանի դեպքում անհնարին է, որ նման հետևանք լիներ»,- նշել է Տիգրան Աթանեսյանը և ընդգծել. «Բնականաբար, պետք է լիներ կալանավորում, որ Հրայր Թովմասյանին էլ հետո կարողանան կալանավորել»:
«Այսինքն՝ սա մի խաղ է, որի արդյուքնում մարդու իրավունք, Սահմանդրություն և նման բաներ մղվել են հետին պլան և ոտնահարվում են բացահայտ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, չկա վիճաբանելու, քննարկելու որևէ բան, սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Ավելին ասեմ՝ Նորայրին ուղղակի առաջարկություն է եղել՝համագործակցել նախաքննության մարմնի հետ. կոպիտ ասած՝ «ծախել», զրպարտել իր ընկերոջը և չնստել: Պատասխանը եղավ այն, որ պատիվն ավելի բարձր էր, քան մի քանի ամիս էլ ազատազրկման վայրում, կալանավայրում գտնվելը»,- նշել է Տիգրան Աթանեսյանը:



























