Ամենևին չեմ զարմանա, եթե այս լուրը լիովին համապատասխանի իրականությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, նկատի ունենալով մամուլում տարածված լուրը, թե Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրանց «կամովին» վաղ կենսաթոշակի անցնելուն։

«Ի վերջո, ակնհայտ անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար շատ տրամաբանական է, որ հենց անբարո, շատ անբարո հնարքներ ու մեթոդներ օգտագործվեն։

Ամեն դեպքում, անբարո սպառնալիք տալը մի բան է, իսկ այն ի կատար ածելը՝ բոլորովին այլ։ Թե՛ քրեաիրավական, թե՛ ապացուցողական (որպես պետական «ինքնախոստովանություն») և թե՛ շատ ու շատ այլ իմաստներով։ Եվ առաջին «ռուբիկոնն» անցնողներից քչերը պատրաստ կլինեն անցնել նաև երկրորդը։

Մյուս կողմից, «սպառնալիքին» տրվելը շատ ավելի մեծ «ապացուցողական» նշանակություն կունանա հանրության մոտ, քան չտրվելը։

Ի վերջո, qui sine peccato est vestrum, primus in illam lapidem mittat («Թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է», լատ.՝ խմբ)։