Սույն թվականի ապրիլի 1-ից հարկային տեսուչներն այլեւս իրավասու չեն այցելել տնտեսվարող սուբյեկտներին՝ հաշվիչ-դրամարկղային մեքենաների ամսական հանրագումարը վերցնելու համար։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Նշենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով կառավարությունը պետք է սահմանի ՀԴՄ-երի իրականացրած դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ներկայացման կարգ։ Սակայն մինչ օրս նման կարգ չկար, ուստի հարկային տեսուչներն ինքնուրույն էին որոշում, թե ինչ ձեւով ստանան տեղեկատվությունը։

Այսուհետ՝ տնտեսվարող սուբյեկտը ամիսն ավարտվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ինքնուրույն ներկայացնի հաշվետվությունը, ընդ որում, դա կարող է անել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ` փոստի միջոցով։