ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` ապրիլի 14-ին բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ծանոթանալով կատարված աշխատանքներին` անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ներկայացվել է, որ արդեն ավարտվել են գլխավոր մասնաշենքի ներքին հարդարման աշխատանքները, տեղադրվել է ավիանավիգացիոն համակարգը, իսկ ներկայում վերջնական տեսքի է բերվում թռիչքուղին, բարեկարգվում է շրջակայքը, իրականացվում են կանաչապատման եւ ձեւավորման աշխատանքներ:

Ըստ այդմ, սարքավորումներից շատերը տարածաշրջանում նորույթ են, որոնք հատկապես պետք է ապահովեն թռիչքների անվտանգությունը: Կատարված աշխատանքների շարքում ներկայացրել են նաեւ անձնակազմի հագուստների մոդելները: 

Նիստի վերջում Բ. Սահակյանը` նշել է, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների եւ հատկապես ներկրվող սարքավորումների որակին: «Սա այն դեպքն է, երբ աններելի է խնայողությունը որակի հաշվին»,-ասել է ԼՂՀ նախագահը: