Կրասնոյարսկի 18-ամյա բնակիչ, ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ Սեւգիա-Սուբհանի Իսմաիլովային բռնությամբ պահում են Բաքվում՝ խոչընդոտելով նրա վերադարձը Ռուսաստան: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Կրասնոյարսկի ՊԲՀ-ում սովորող Իսմաիլովայի ընկերուհիներն արդեն դիմել են ոստիկանություն եւ Ադրբեջանի դեսպանություն՝ աղջկան օգնելու խնդրանքով: Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Սեւգիան մորը հայտնել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման եւ այն մասին, որ ընկերուհի ունի, ու դրա պատճառով նրանց միջեւ հաճախ վեճեր են ծագել: Երբ Սեւգիան հերթական անգամ տանից հեռացել է, մայրը փորձել է նրան վերադարձնել եւ դստերը համոզել է, որ սիրում է նրան եւ ընդունում ինչպիսին որ կա, խնդրել է վերադառնալ, այնուհետեւ համոզել է իր հետ Ադրբեջան գնալ: Սեւգիան դա չէր ցանկանում անել, բայց համաձայնվել է, քանի որ մոր ձեռքը կոտրված էր: Պայմանն այն էր, որ աղջիկը հետո վերադառնալու է Կրասնոյարսկ: Մի քանի օր ամեն ինչ նորմալ է եղել, բայց հետո մայրը վերցրել է Սեւգիայի հեռախոսը, փաստաթղթերը եւ հակադեպրեսանտները:
Աղջկան հաջողվել է փախչել Բաքվում ընկերուհու մոտ, բայց ազգականները համոզել են, որ կվերադարձնեն փողը, հեռախոսը եւ փաստաթղթերը, ստիպել են նրան տուն վերադառնալ: Հասկանալով, որ առանց դրանց, միեւնույն է, ոչ մի տեղ չի կարող դիմել, նա կրկին տուն է վերադարձել: Այնտեղ նրան ոչ մի բան չեն վերադարձրել: Աղջկան հաջողվել է եղբոր հեռախոսից ընկերուհուն ծածուկ հաղորդագրություն ուղարկել, այնուհետեւ անհետացել է եւ մի քանի օր անց ավելի մեծ հաղորդագրություն է ուղարկել, որում պատմել է, որ իրեն այնտեղ ծեծում են եւ նույնիսկ կապում, որ չփախչի: Հերթական անգամ փախչելով՝ աղջիկը գնացել է դեսպանություն եւ դիմում ուղարկել Կրասնոյարսկ, որ իրեն ուղարկեն անձի վկայության հաստատում: Նրան նորից գտել են եւ կրկին բռնությամբ տարել, դա եղել է երեկ ցերեկը: Դրանից հետո աղջիկը մինչեւ հիմա կապ չի հաստատել:
Սեւգիայի ընկերուհի Պոլինան լրագրողներին հայտնել է, որ Սեւգիայի համար անհանգստանում է եւ փորձել է նախ դեսպանություն դիմել, որտեղից նրան ուղարկել են ոստիկանություն: Աղջկան հաջողվել է միայն գրել ընկերուհու գտնվելու վայրը պարզելու մասին հայտարարություն: ՌԴ ՆԳՆ «Կրասնոյարսկ» միջհամայնքային վարչությունից հաստատել են այն տեղեկությունը, որ նա ընկերուհու հետ կապը կորցրել է, որը պետք է Կրասնոյարսկ վերադառնար հունվարի 14-ին, եւ խնդրում է օգնել պարզել նրա գտնվելու վայրը: Այս փաստով ստուգում է կատարվում:





























