Թուրքիայի խորհրդարանը այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հանդիսավորությամբ կսկսի օրենսդրական տարին։ Խորհրդարանի աշխատանքները կղեկավարի օգոստոսին ընտրված խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը։

Խորհրդարանի նոր նստաշրջանի բացումը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ելույթով։

Թուրքիայի խորհրդարանի առաջնահերթ քննարկումների նյութ են լինելու թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարացման գործընթացը՝ քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, դատական բարեփոխումները։ Օրակարգում է լինելու նաեւ թուրքական զինված ուժերի Հյուսիսային Իրաքում գործողություններ իրականացնելու ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու որոշումը։

Այս առաջնային խնդիրներից բացի` թուրքական խորհրդարանին սպասվում է եւս 190 օրենսդրական նախագծերի քննարկում։

Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրվելուց հետո կմտնեն նախարարների խորհուրդ, այնուհետ որպես միջազգային համաձայնագիր կներկայացվեն թուրքական խորհրդարան։