Իրաքի կառավարության ներկայացուցիչը հերքել է տեղի ուժերի եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետության» մնացուկների դեմ պայքարող կոալիցիայի համատեղ գործողությունների վերսկսման մասին լուրերը, հայտնում է AFP-ը։

2014-ից Իրաքում գործող կոալիցիան հունվարի 5-ին հայտարարել էր, որ դադարեցնում է ԻՊ-ի դեմ պայքարը եւ վարժանքների առաքելությունը՝ կապված ամերիկացիների կողմից օգտագործվող բազաներին մի շարք հրթիռային հարվածների հետ։

The New York Times-ը, հղում կատարելով ամերիկացի երկու զինվորական պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը, որը կազմում է կոալիցիայի հիմնական մասը, վերսկսել է գործողությունները։

Սակայն Իրաքի վարչապետի ռազմական հարցերով ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ կոալիցիան որեւէ համատեղ առաքելություն իրականացնելու համար Բաղդադի թույլտվությունը չի ստացել։

«Համատեղ գործողությունները չեն վերսկսվել, եւ մենք թույլտվություն չենք տվել»,- ասել է Աբդուլլկարիմ Խալաֆը։

Նրա խոսքերով՝ իրաքյան կառավարությունը ԱՄՆ-ի երկու օդային հարվածներից հետո կոալիցիային հրամայել է դադարեցնել համատեղ գործողությունները։

Այդ հարվածներից մեկի ժամանակ հունվարի 3-ին զոհվել էին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ իրաքցի առաջատար հրամանատար Աբու Մահդի Ալ Մուխանդիսը։

«Համաձայնագրի էությունն այն էր, որ կոալիցիան պայքարի ԻՊ-ի դեմ եւ օգնի իրաքցիներին պայքարել Իպ-ի դեմ, այդ պատճառով մենք այդ հարվածները համարեցինք միակողմանի գործողություններ»,- ասել է Խալաֆը։ Դրա հետ կապված՝ «համատեղ գործողությունները, որոնք ներառում են Իրաքի օդային տարածքի օգտագործում, արգելվել են»։