«Հայաստանը անկախացումից ի վեր պատրաստ է եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- այսօր հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու հավելեց, որ այս արձանագրությունները հենց այդպիսին են, որտեղ չկան որեւէ նախապայմաններ:

Նրա ներկայացմամբ, այս արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը կասկածի տակ չի դնում ցեղասպանության իրողությունն ու նրա միջազգային ճանաչման գործընթացը չի արգելակում:

«Միջազգային հանրությունը ցեղասպանությունը դիտում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, եւ արհեստական է տեսակետը, որ եթե հարաբերություններ ենք հաստատում Թուրքիայի հետ, դրանով ցեղասպանության հարցը դառնում է երկու երկրների գործը»,- նշեց Է. Նալբանդյանը, հավելելով, որ այս գործընթացն սկսելով՝ Հայաստանը չի հրաժարվում ցեղասպանության խնդրի հետապնդումից:

Դրանից զատ, ըստ նախարարի, արձանագրություններում ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի մասին: Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերը, ըստ որոնց, հայկական կողմը բազմիցս հայտարարել է եւ Թուրքիան տեղեկացված է, որ Հայաստանը բացառում է հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրին կապելը: Այդ մասին, ըստ Նալբանդյանի, հայտարարել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլար Քլինթոնը, իսկ այսօր այդ մասին կհայտարարեն նաեւ Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: