ԱԺ նախկին խոսնակ, ներկայումս անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, հանդես գալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ նշեց, որ այս արձանագրություններում ներառված են Թուրքիայի տարիներ շարունակ հնչող նախապայմանները:

Նախ, ըստ նրա, երբ արձանագրություններում նշվում է, որ կողմերը պետք է բացեն սահմանները, ստացվում է, որ 2 կողմերն են փակել սահմանը, այնինչ Թուրքիան միակողմանի արդեն 16 տարի շրջափակման է ենթարկել Հայաստանին: Երկրորդ. քանի դեռ գործելու է հայ-թուրքական պատմաբանների ենթահանձնաժողովը, բոլորն ասելու են, որ ոչ մի երրորդ կողմ չպետք է միջամտի ու դրանով խանգարի նրանց աշխատանքին: Երրորդ նախապայմանը, Տ. Թորոսյանի ներկայացմամբ, ներկա սահմանների ճանաչումն է: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չի նշանակում սահմանների ճանաչում եւ այստեղ եւս Հայաստանը զիջումների է գնացել»,- ասաց նա ու հռետորական հարց ուղղեց. «Իսկ ո՞րն է Թուրքիայի զիջումը: Եթե ոմանք կարծում են, որ դա սահմանի բացումն է, ապա պետք է հիշել, որ դա նրա միջազգային պարտավորությունն է, դա չի կարող զիջում համարվել»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից մշտապես առաջ քաշվող մեկ այլ նախապայմանի` Ղարաբաղին հարակից տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն, ապա նա նկատեց, որ դա էլ ամրագրված է մադրիդյան սկզբունքներում, ինչը նշանակում է, որ Թուրքիայի բոլոր նախապայմանները կամ կատարվում են, կամ ընթացքի մեջ են: Վերջում նա նշեց նաեւ, որ ոչ ոք մինչ օրս այդպես էլ պատասխան չի տվել, թե ինչ է լինելու սահմանները բացելուց հետո: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե եթե մեր բիզնեսմենները չկարողանան այդ հնարավորություից օգտվել, ուրեմն թող Թուրքիան հաղթի, տեղին չէ: