«Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երեւանում խնդրեց օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Հետո միայն նա հասկացավ, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապել Ղարաբաղի հետ, բայց գնացքն արդեն գնացել է»,- հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ համոզմունք հայտնելով, որ սրա արդյունքում սահմանը չի բացվելու, իսկ լարվածությունը տեղափոխվելու է Արցախ: Նրա խոսքով, եթե մինչ օրս սահմանների փակ լինելու համար ճնշումներն ուղղված էին Թուրքիայի վրա, ապա հիմա ճնշման օբյեկտը Հայաստանն է, որովհետեւ միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ը հայտարարում են, որ Թուրքիայի հիմնավորումներն իրենց համար հասկանալի են: Թուրքիան, ըստ Թեւանյանի, ասում է, որ եթե ինքը սահմանները բացի, ԼՂ հարցում ուժերի հարաբերակցությունը կխախտվի՝ ի օգուտ Հայաստանի, ուստի Թուրքիան ուզում է, որ մինչ այդ առաջխաղացում լինի եւ Հայաստանը որոշակի զիջումների գնա:
«Հայաստանում իշխանության է եկել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կուսակցությունը, քանի որ որեւէ զիջում իր հետ բերելու է պատերազմ: Հայաստանում այսօր իշխանությունն ու ընդդիմությունը մրցման մեջ են մտել, թե ով է ավելի շատ ուզում լուծել այս խնդիրը: Սա նշանակում է, որ Հայստանում կա միայն մեկ կուսակցություն. դա „քիրվայության“ կուսակցությունն է»,- հայտարարեց Ա. Թեւանյանն ու դիմելով հանրապետականներին՝ ասաց. «Այս ինչ „քիրվայության“ քարոզ եք սկսել: Սա ձեր սրտով էլ չէ, պարտադրանք է: Ո՞ւր եք տանում երկիրը: Տանում եք պատերազմի, որի պատասխանատվությունը ձեր վրա է»:
Նա պատմական զուգահեռ տարավ ԽՍՀՄ ժամանակների հետ, ընդգծելով. «Գորբաչովն էլ էր ուզում արագ լուծել սառը պատերազմի հարցը: Նրա միակողմանի նախաձեռնողականությունը տարավ նրան, որ աշխարհի քարտեզի վրա այսօր չկա ԽՍՀՄ պետությունը»: Թեւանյանի ելույթն ավարտվեց բուռն ծափահարություններով եւ դահլիճում ներկա հանրապետականների վրդովված արձագանքներով:




























