Բրիտանական իշխանությունները մտադիր են 2035 թվականին երկրի տարածքում արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմեքենաների, ինչպես նաեւ հիբրիդային մեքենաների վաճառքը: Այս մասին նշված է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ցուցադրելով արտանետումների կրճատման ուղղությամբ Մեծ Բրիտանիայի անհետաձգելի գործողությունները՝ կառավարությունը նախատեսում է ավելի վաղ՝ 2035 թվականին դադարեցնել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմեքենաների եւ միկրոավտոբուսների վաճառքը, ինչպես նաեւ առաջին անգամ [արգելվածների ցանկ ներառել] հիբրիդային ավտոմեքենաները»,- նշված է Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ:
Բրիտանական իշխանություններն ավելի վաղ պատրաստվում էին այս արգելքը մտցնել 5 տարի ուշ՝ 2040 թվականին, իսկ հիբրիդային ավտոմեքենաների մասին խոսք չկար:
Լոնդոնը մտադիր է համանման միջոցառումներով կյանքի կոչել աշխարհում էկոլոգիայի պաշտպանության ամենախիստ օրենքներից մեկը՝ 2050 թվականին ջերմոցային գազերի արտանետումները հասցնելով զրոյի: Համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ազգային խորհրդարան է ներկայացվել դեռեւս անցյալ տարվա հունիսին:
Ջոնսոնը երեքշաբթի Լոնդոնում պետք է հայտարարի իր կառավարության առաջնահերթությունների մասին ՄԱԿ կլիմայի փոփոխության վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում (COP-26), որը նոյեմբերին անցկացվելու է Գլազգոյում:
«COP-26 կազմակերպությունը Մեծ Բրիտանիայի եւ ամբողջ աշխարհի երկրների համար կարեւոր հնարավորություն է ակտիվացնելու համար կլիմայի փոփոխության դեմ պայքարը»,- հայտարարելու է Ջոնսոնը եւ մյուս պետություններին կոչ է անելու հետեւել թագավորության օրինակին՝ հարյուրամյակի կեսին զրոյացնելով ջերմոցային գազերի արտանետումները:
«Չի կարող ավելի մեծ պատասխանատվություն լինել, քան մեր մոլորակի պաշտպանությունն է: 2020 թվականը պետք է լինի տարի, երբ մենք արմատապես կփոխենք գլոբալ տաքացման հետ կապված իրավիճակը, դա կլինի տարի, երբ մենք կընտրենք բոլորի համար ավելի մաքուր, ավելի կանաչ ապագա»,- նշված է գրասենյակի տարածած նրա ելույթում:
Նախորդ համաշխարհային կլիմայական COP-25 համաժողովը տեղի էր ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Մադրիդում եւ փաստացի ձախողմամբ էր ավարտվել, քանի որ դրա մասնակիցները չէին կարողացել համաձայնեցնել ամփոփիչ հայտարարության տեքստը: Փորձաքար էր դարձել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածը, որը նախատեսում է ջերմոցային գազերի արտանետումների կարգավորման կոնկրետ մեխանիզմների ներդրում: Եվրամիությունն ու ՄԱԿ-ն արտահայտել էին համաժողովի արդյունքներից իրենց խոր հիասթափությունը՝ հույս հայտնելով, որ Գլազգոյի համաժողովում կհամաձայնեցվի արտանետումների կրճատման երկարաժամկետ ռազմավարությունը:



























