«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է գալու «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ հայտարարությամբ, որով ստորագրահավաք է սկսվելու` կապված այդ արձանագրությունների հետ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը, այդ հայտարարության կետերից առաջինով առաջարկվում է բացառել փաստաթղթում որեւէ կետի ընդգրկումը, որը կվերաբերի սահմանների ճանաչմանը, երկրորդ կետով բացառել որեւէ տեսակի ենթահանձնաժողովի ստեղծում, որտեղ կքննարկվեն ցեղասպանության հարցը եւ երրորդ՝ ԼՂՀ միջազգային ճանաչմանը չխոչընդոտելուն վերաբերող կետն է: «Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենալու հայ-թուրքական հարաբերություններում, նրանք չպետք է խոչընդոտեն ԼՂՀ օրինական կայացմանն ու ճանաչմանը, ինչպես նաեւ նրա իշխանությունների հետ առնչվելուն»,- ասաց նա:
Այնուհետեւ «Ժառանգության» պատգամավորը հեռակա կարգով դիմելով իր գործընկեր պատգամավորներին, նշեց. «Եթե բոլորդ այս կարծիքին եք, ստորագրեք այդ փաստաթղթի տակ, այնինչ 5 խմբակցությունից միայն մենք եւ ՀՅԴ-ն ենք համաձայնել միասնաբար հանդես գալ: Դրա համար մենք միասնական հայտարարությամբ հանդես կգանք: Երբ լսում ենք Էդվարդ Շարմազանովին, նա Պավլիկ Մորոզովի նման ասում է, թե ինչ եք ասում, մենք զիջման չենք գնում: Մենք էլ ասում ենք՝ դե՛ ստորագրեք մեր հայտարարության տակ: Այն, ինչ բանավոր եք ասում, գրավոր ստորագրեք: Ինչո՞ւ եք ասում մի բան, անում մի ուրիշ բան: Գրավորը, բանավորն ու գործը պետք է համընկնեն»:
Լ. Ալավերդյանը տեղեկացրեց, որ իր հայտարարությունից հետո կսկսեն ստորագրահավաքը: « Հուսանք, որ իմ ելույթից հետո այդ ստորագրահավաքը տեղի կունենա»,- ասաց նա:




























