Կառավարության այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացվեց, որով սահմանվում է, որ սպանդանոցային գործունեություն ծավալելու մտադրություն ունեցող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով, 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորում ստանալ, որից 7 տոկոսի չափով կսուբսիդավորի կառավարությունը եւ իրենց կման միայն 4 տոկոսը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այդ ֆինանսավորմամբ նրանք կարող են իրականացնել երեք տիպի գործունեություն՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, միս տեղափոխող մեքենանների համար ֆինանսավորում եւ մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:
«Նաեւ կողմնորոշիչ քարտեզ ենք փորձել ձեւավորել, թե հաջորդ 6 ամիսների ընթացքում որտեղ կարող են առաջանալ սպանդանոցներ ունենալու պահանջ: Այսինքն տնտեսվարողը կարող է տեսնել, թե որտեղ սպանդանոց կառուցելով կարող է առավելագույն շահ ստանալ»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ Հայաստանում այժմ կա 38 սպանդանոց, որոնցից 20-ը խոշոր տնտեսությունների են պատկանում եւ սպասարկում են միայն դրանց։ Իսկ 18 սպանդանոցները աշխատում են գյուղացիների անասունների մորթով։
Նրա խոսքով, այժմ ընթացքի մեջ է եւս 24 սպանդանոցների կառուցումը։ «Այդպիսի 36 նոր սպանդանոցներ կարող են լինել առաջիկա ամսիների ընթացքում, որոնցից 24-ը կառուցման ընթացքում են, իսկ այդ 24-ից 12-ը համընկնում են այդ 36-ի տեղակայմանը: Իսկ շարժական սպանդանոցները էլ ավելի կմեղմացնեն տեղակայման խնդիրը:»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում կա միայն մեկ շարժական սպանդանոց, մնացածը պետք է ներկրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով կառավարության անդամները մանրամասն նկարագրեցին, թե ինչ պետք է անի մարդը, ով ցանկանում է այդպիսի գործունեություն ծավալել: Պարզվեց, որ դեռեւս հստակ չեն այն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանեն սպանդանոցները, այդ թվում շարժական:
Փաշինյանը նշեց. «Ստացվում է, որ մենք մարդկանց ֆինանսավորում ենք սպանդանոց կառուցելու համար, բայց չափանիշները դեռ նոր ենք սահմանելու՞: Տենց չեղավ: Մարդը գնում առնում, բերում է, ասում ենք՝ չէ, սխալ բան ես առել»:
Տիգրան Խաչատրյանն էլ արձագանքեց, որ երեք շաբաթվա ընթացքում կբերեն ու կներկայացնեն բոլոր փոփոխությունները, որոնք սահմանվելու են:





























