Պարոն Նիկոյան, Փաստահավաք խմբի լուծարումից եւ համաներումից հետո մարտի 1-ի դեպքերի բացահայտման ողջ պատասխանատվությունը մնացել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսերին: Հանձնաժողովը պատրա՞ստ է այդ պատասխանատվության ծանրությանը:
Ես մի քիչ համաձայնվեմ ձեր դիտարկման հետ, եւ մի քիչ էլ չհամաձայնվեմ: Մարտի 1-ի հանձնաժողովը, երբ ստեղծվել է, Ազգային Ժողովը հանձնաժողովի առջեւ երեք խնդիր է դրել: Առաջինը՝ տեղի ունեցած բռնությունների եւ ոստիկանության գործողությունների օրինաչափության եւ համաչափության գնահատականն էր, երկրորդը՝ մահվան հանգամանքների ճշտումն է, եւ երրորդը, քաղաքական եւ իրավական գնահատականների տալն է եւ այնպիսի առաջարկների ներկայացնելը, որոնք կբացառեն նման իրադարձությունների կրկնությունը: Ըստ էության, բացի երկրորդից, իհարկե հանձնաժողովը փորձեց ամեն ինչ անել, բոլոր նյութերը պահանջեց եւ ոստիկանությունից, եւ նախաքննական մարմնից, դատաբժշկական փորձաքննությունների նյութերը ստացավ, փորձեց համադրել, փորձեց հակասությունները գտնել, փորձեց ելքերը գտնել, դիմեց հանրությանը, դիմեց ցուցարարներին: Վերջիվերջո, այդ սպանությունը գաղտնի չեն եղել, եղել են հազարավոր մարդկանց աչքի առջեւ: Թող որեւիցե մեկն այնպիսի տեղեկատվություն հաղորդեր, որն օգտակար կլիներ հանձնաժողովին, որ այդ խնդիրների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ կատարել, կամ նախաքննական մարմնի առջեւ կոնկրետ խնդիրներ դներ, կոնկրետ ուղղություն ցույց տար, եւ հետամուտ լիներ: Ցավոք, այդպիսի արժեքավոր ինֆորմացիա մենք չստացանք:
Ե՞րբ պատրաստ կլինի հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունը:
Հանձնաժողովն արդեն իր կուտակած փաստերը համախմբում է, ամփոփում է: Ամփոփում է եւ Փաստահավաք խմբի կողմից եւ պաշտոնապես ուղարկված նյութերը, եւ անձնական զեկույցի տեսքով ուղարկված նյութերը: Այդ նյութերի ուսումանսիրման եւ ամփոփման փուլում է հանձնաժողովը:
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մտադիր է կրկին հրավիրել եւ հարցաքննել այն 4 ոստիկաններին, որոնք մարտի 1-ին հատուկ միջոցներ են կիրառել: Ըստ Ձեզ՝ դրա անհրաժեշտությունը կա կրկին այդ ոստիկաններին հարցաքննելու:
Այդ ոստիկանների հետ մենք հանդիպել ենք մեկ անգամ: Փաստահավաք խումբն էլ է նրանց մոտ գնացել: Բոլոր տեսանյութերը ՝ Փաստահավաք խմբի մեզ մոտ են: Ոստիկաններին նաեւ հարցաքննել է նախաքննական մարմինը: Եթե որեւէ հանձնաժողովական գտնում է, որ դրանից զատ լրացուցիչ խնդիրներ կան, պիտի ինձ կոնկրետ մատնանշի, թե որոնք են այդ խնդիրները, ապա կարող ենք հրավիրել: Բայց զուտ նրա համար, որ հրավիրենք եւ ցույց տանք, թե եւս մեկ անգամ հրավիրում ենք, նույն հարցերը տանք, ինչ Փաստահավք խումբը կամ նախաքննական մարմինը, ապա ես իմաստ չեմ տեսնում:
Դուք կարճ ժամանակ առաջ եք Փաստահավաք խմբից ստացել իրենց մոտ 2 հազար էջ կազմող նյութերը, գումարած տեսանյութեր եւ այլ նյութեր: Հանձնաժողովը ֆիզիկապես ի վիճակի՞ է բոլոր այդ նյութերը համակարգելու, համադրելու:
Բոլոր նյութերը չէ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել: Որովհետեւ, ենթադրենք, առողջապահության նախարարությունից իրենք ստացել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, բայց մենք դրանք ունեինք, ուսումնասիրել ենք: Կամ կա այլ փորձաքննության նյութեր: Դա եւս մենք ունենք: Նյութերի մեծ մասը կրկնվում է, այնպես որ… Մենք ուղղակի նայում ենք, եթե չունենք, ուսումանսիրում ենք: Բոլոր տեսանյութերը նայում ենք, որովհետեւ դրանք այն նյութերն են, որ իրենք հրավիրել էին ոստիկանության աշխատակիցներին եւ պարզաբանումներ էին ստանում: Հնարավոր է, որ իրենք որոշակի շեշտադրումներ են արել, որ մենք կարող ենք վերցնել:
ԵԽԽՎ բանաձեւում մի կետ կա, որ Սերժ Սարգսյանը դատախազությանը հանձնարարել է ներկայացնել մահվան հանգամանքների վերաբերյալ եղած տեղեկատվությունը:
Այդ կետն ինձ համար մի փոքր անհասկանալի է, որովհետեւ եւ փաստահավք խմբին, եւ մեզ նախաքննական մարմինն իր բոլոր նյութերը տրամադրել է: Չնայած դրանից հետո մեկ անգամ եթե ասել են, միգուցե ինչ-որ նորություններ կան: Ուզում եմ ասել, որ այդ հարթության մեջ որեւէ խնդիրներ, կարծում եմ, չունենք: Բայց եթե կա նման պահանջ, եւս մեկ անգամ կտրամադրեն:
Համաներման հետեւանքով արդյունքում մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ձերբակալվածների մի մեծ մասը միայն հայտնվեց ազատության մեջ: Մոտ երկու տասնյակ բանտարկյալներ շարունակում են մնալ անազատության մեջ: Ըստ Ձեզ՝ նման համաներումն ունա՞կ է պարպել հասարակության մեջ առկա լարվածությունը:
Համաներումները երբեք չեն լինում ամբողջական: Համաներումը չի կարող վերաբերվել բոլոր հոդվածքներին: Համաներումը դուք միշտ բերում-կենտրոնացնում եք մարտի 1-ի վրա: Բայց համաներումը չի կարող մի հոդվածով մեկին ազատել, որ կապված է մարտի 1-ի հետ, իսկ չկիրառել նրանց նկատմամբ, ովքեր կապված չեն մարտի 1-ի հետ: հոդվածը ընդհանուր է, եւ եթե գտնում են, որ խիստ հոդվածներ են, դա համաներման տակ չի ընկնում: Ուղղակիորեն կարծում եմ, որ պետք է դրական գնահատել այն գործառույթները, որ մեր երկրում տեղի ունեցան: 18 բանտարկյալներ շարունակում են մնալ կալանավայրում: Առաջինը պիտի ասեիք, թե որքանն են ազատվել, նոր խոսեք: Պետք է ասել, որ շատ լավ եղավ, որ այսքանն ազատվել են, եւ փորձեիք պայքարել մնացածների համար: Ստացվում է, որ եթե երկրի նախագահը քայլեր է անում եւ դա չի գնահատվում, ինչո՞ւ եք սպասում, որ նա կրկին քայլեր կանի:
Դուք նշեցիք, որ հիմնական խնդիրները վերաբերում են մահվան հանգամանքներին: Եթե այդպես էլ չբացահայտվեն դրանք, եւ հանձնաժողովը ներկայացնի իր զեկույցը, ըստ Ձեզ, որքանո՞վ հասարակության համար հավատարժան եւ վստահելի կլինի այդ զեկույցը:
Ուրեմն, հասարակությանը շատ հստակ կբացատրի հանձնաժողովը, որ այս խնդիրները քննչական գործողություններ են: Հանձնաժողովը նման լիազորություններ չունի: Հանձնաժողովը պիտի տա իր գնահատականը նախաքննական մարմնի եւ դատաիրավական համակարգի աշխատանքների վերաբերյալ: Մենք մեր գնահատականը կտանք: Իսկ եթե հասարակությունը հանձնաժողովից այլ ակնկալիքներ ունի, ու չի բավարարվում, մենք կարող ենք հասարակությունից ներողություն խնդրել: Դա մեր ֆունկցիան չէ, մենք անկարող ենք նման բաներ անել: Մահվան հանգամանքների հետ կապված մենք մեր գնահատականն անպայման կտանք:
Հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է ամռան ամիսներին արձակուրդ գնալ:
Խնդիրն այն է, որ պետք է չէ, որ հանձնաժողովը քայլեր անի, որ կարող են ինչ-որ մեկի մոտ կասկածներ առաջացնել: Այն դեպքում հանձնաժողովն արձակուրդ չի գնա, երբ անդամներն ակտիվ աշխատեն: բայց եթե այնպիսի ժամանակահտված լինի, որ ակտիվ աշխատանքի շրջան չէ, եւ հանձնաժողովի անդամները չունեն աշխատանքի ակտիվ ճակատ, անիմաստ կլինի արձակուրդ չգնալ: Պիտի աշխատանքի արդյունքը ցույց տա՞նք, թե՞ ոչ:
Զրուցեց Արտակ Եղիազարյանը



























