Հունվարի սկզբի լարվածությունից հետո, որը հանգեցրեց ռազմական բախման, ամերիկացիները եւ իրանցիները դիմակայության ավելի պակաս ցավոտ ուղիներ որոնելու վճռականություն ցուցադրեցին, քան պատերազմը, որը կարող էր երկու երկրների համար էլ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այդուհանդերձ, կոշտ հռետորաբնությունը դեռեւս պահպանվում է, իսկ դիմակայությունը հիմա ռազմավարական մակարդակում է»,- նշեց թուրքագետը:
Սաֆրաստյանի խոսքով՝ Իրանի գլխավոր նպատակն է շարունակում մնալ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմական ներկայության կրճատումը, իսկ կատարյալ դեպքում՝ բացառումը:
«ԱՄՆ-ն այս հարցում ամենեւին չի շտապում: Դրանից բացի, Թրամփը ամեն կերպ ձգտում է ԱՄՆ-ին ձերբազատել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում ընթացող գործընթացների համար պատասխանատվությունից»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի ԶՈՒ-ն «հող-հող» դասի տասնյակ բալիստիկ հրթիռներով հարվածներ էր հասցրել Իրաքի Ալ Անբար նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազային: Հարվածը կատարվել էր ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության:




























