Վանաձորում ապրիլի 18-ին նկարիչ Կարեն Դավթյանի (կեղծանունը «Կապո») մահով ավարտված վթարի փաստի առթիվ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Հարուցված քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժին, որպեսզի նշված բաժնում քննություն կատարվի:
Ինչպես NEWS.am-ին Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 18-ի երեկոյան Լոռու Մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցից հայտնել են ոստիկանության Վանաձորի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել կրծքավանդակի ձախ կեսի կողերի կոտրվածքով, 49-ամյա Կարեն Դավթյանին, ով Վանաձորում հայտնի նկարիչ է` «Կապո» կեղծանվամբ:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը` մարզային վարչութան պետ Անուբախ Համբարյանի, Վանաձորի ոստիկանության պետ Սերգո Ավետիսյանի եւ ՃՈ 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 21:40-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի 81 շենքի դիմաց տեղի է ուենցել ավտովթար:
24-ամյա Վլադիմիր Գագիկ Իսպիրյանը, վարելով Volkswagen Tuareg մակնիշի 33 ՕՈ 003 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է ՎԱԶ-2107 մակնիշի 36 ՕՕ 066 համարանիշի ավտոմեքենային, որը վարում էր Կարեն Դավթյանը: ՎԱԶ-2107-ն էլ իր հերթին բախվել է նույն վայրում կայանված «Էլիտար տաքսի ծառայության Nissan Sunny մակնիշի Լ 0950 համարանիշի ավտոմեքենային եւ մեկ այլ Nissan Sunny-ի` Լ0947 համարանիշի ավտոմեքենայի: Այնուհետեւ նշված ավտոմեքենան բախվել է «Պրինց» տաքսի ծառայության Samand մակնիշի Տ 1572 համարանիշի ավտոմեքենային:
Բախման արդյունքում վթարվել է նաեւ Տարոն Ապրեսյանին պատկանող Infiniti մակնիշի 31 PL 111 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայրում ականատաեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Տարոն Ապրեսյանն աշխատում է «Orange Armenia» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղում, որպես տնօրեն:
Առավոտյան ժամը 7-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված Կարեն Դավթյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Վլադիմիր Իսպիրյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի որդին է:
Փորձաքննությունը պարզել է, որ վարորդներից ոչ ոք ոգելից խմիչք օգտագործած վիճակում չի եղել: Նշված ավտոմքենաները տեղափովել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի տուգանային հրապարակ:
Դեպքի վայրում է եղել նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:















Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























