Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 19-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Սերժ Սարգսյանը կարեւորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական  պատվիրակության այցելությունը Հայաստան` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման եւ  զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը:

Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաեւ ԼՂՀ եւ տեղում ծանոթանալ, լիարժեք պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու իր հողի վրա ազատ եւ անկախ ապրելու` Արցախի ժողովրդի ձգտման մասին:

Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջեւ կապերի ամրապնդմանը: Այցի շրջանակում Երեւանում ունեցած հանդիպումները նրանք համարել են բավականին արդյունավետ եւ օգտակար: