Անհրաժեշտ է  քաղաքական կամք դրսեւորել` մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 21-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մանվել Բադեյանը: Նա նշեց, որ տեղյակ չէ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկ` ապրիլի 20-ին հնչած ելույթից, որտեղ նախագահը ուժային կառույցների պատասխանատուներին եւ դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին հրահանգել է նոր թափ եւ ընդգծված ակտիվացում հաղորդել մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը:

Բադեյանը նշեց, որ պետք է քաղաքական կամք ցուցաբերվի մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտման ուղութամբ: Բադեյանը որեւէ խնդիր չի տեսնում մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նոր հանձնաժողով ստեղծելու հարցում, սակայն եթե այդ հանձնաժողովը պետք է քաղաքական նպատակներ հետապնդի, ապա անիմաստ է դրա ստեղծումը:

NEWS.am-ի դիտարկմանը, թե ամենակարեւոր հարցը բաց է`մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչների բացահայտումը, Բադեյանն արձագանքեց.  «Եթե մինչեւ հիմա պարզված չեն հանցագործները, ապա այդ տիրույթում է պետք  քաղաքական կամք դրսեւորել` պարտադրելով իրավապահ մարմիններին գործը տրամաբանական ավարտին հասցնել: Եւ ոչ թե անհասկանալի, սահմանադրությամբ չամրագրված, հեղհեղուկ ֆունկցիաներով հանձնաժողով ստեղծել»: Պատգամավորը հավելեց նաեւ, որ քաղաքական կամք պետք  է դրսեւորվի ոչ միայն իշխանությունների, այլ բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքականության հետ առնչվող քաղաքացիների կողմից:  ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ մարտի 1-ի հարցում մեղավոր են հավասարապես թե իշխանությունը, թե ընդդիմությունը: «Չեմ կարծում, որ մարտի 1-ի կոծկումը իշխանությունների պատվերն է: Իշխանությունը ուզում է պատասխան տալ, ուրիշ բան, որ չի կարողանում` ինչ-ինչ պատճառներով»,- նկատեց Բադեյանը` հավելելով, որ թե իշխանության, թե ընդդիմության դաշտում կան շահագրգիռ մարդիկ, ում ձեռնտու է մարտի 1-ի կոծկումը: