Ժողովրդավարական կուսակցության նախագահի պաշտոնական թեկնածու Փիթ Բութիջիչը դուրս է մնացել նախագահական ընտրարշավից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ` Ինդիանայի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետն ասել է, որ «դժվար որոշում է կայացրել»` քարոզարշավը դադարեցնելու համար: Նա կոչ չի արել աջակցել մնացած թեկնածուներից որեւէ մեկին, բայց խոստացել է անել ամեն հնարավոր բան, որպեսզի հաջորդ տարվա հունվարին Սպիտակ տանը դեմոկրատ լինի:
Բութիջիչն առաջին բացահայտ գեյն էր խոշոր քաղաքական կուսակցությունից նախագահի թեկնածուների շրջանում: Նա հույս է հայտնել, որ իրենց հաջողվել է ուղերձ հղել բոլոր այն երեխաներին, ովքեր «ուրիշ են» եւ ցույց տալ, որ նրանք կարող են նախագահի առաջատար թեկնածու դառնալ, «որին սատարում է իր ամուսինը»:
Նշենք, որ հարցումները ցույց են տալիս, որ Բայդենն առաջատար դիրքեր է զբաղեցնում յոթ նահանգներում, Սանդերսը` վեց նահանգում, իսկ Կլոբուշարը` իր հայրենիքում: Երեքշաբթի օրը քվեաթերթիկների վրա առաջին անգամ կհայտնվի չորս նահանգներում քվեարկությունը բաց թողած թեկնածուի` Բլումբերգի անունը:





























