«Լիկուդ» կուսակցությունը եւ վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուն պահպանում է առաջնային դիրքերը Իսրայելում անցկացվող խորհրդարանական ընտրություններում` ձայների 3 տոկոսով առաջ անցնելով մոտակա մրցակցից` Բենի Հանցի «Կահոլ-Լավան» ցենտրիստական բլոկից: Այս մասին վկայում են Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում երեքշաբթի օրը հրապարակված ձայների 64.31 տոկոսի հաշվարկի տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Լիկուդ»-ի համար 1.21 միլիոն ձայն է տրվել, կամ` մշակված քվեաթերթիկների 29.33 տոկոսը, իսկ «Կախոլ-Լավան»-ի համար` 1.085 միլիոն ձայն (26.31 տոկոս), հայտնել են ԿԸՀ-ից:
The Jerusalem Post թերթը նշում է, որ ուժերի նման դասավորությունը վարչապետի կուսակցությանը 23-րդ գումարման Քնեսեթում 36 տեղ կտա, իսկ ցենտրիստների բլոկին` 32 տեղ: Վերջնական արդյունքների հրապարակումը սպասվում է հինգշաբթի օրվանից ոչ շուտ, նշում է The Jerusalem Post-ը:
Իսրայելական KAN պետական ռադիոկայանը նշում է, որ կայուն կոալիցիա կազմելու համար հարկավոր է առնվազն 61 պատգամավորի աջակցությունը: Ըստ օրենքի` ձայների հաշվարկի վերջնական արդյունքները ստանալուց հետո, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, խորհրդակցելով Քնեսեթ ընտրված կուսակցությունների ներկայացուցիչների հետ, պատգամավորներից մեկին կկարգադրի նոր կառավարություն ձեւավորել:





























