ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ պրոֆեսոր Կարին Մարկիդեսին եւ գործարար կապերի պատասխանատու, դասախոս  Կարեն Սարկավագյանին:

Հանդիպման նպատակն էր  քննարկել երկու կառույցների միջեւ համագործակցության հնարավորությունները:  Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գեւորգյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն դեռեւս նախորդ տարվանից  կրթական հաստատությունների հետ նոր որակի եւ բովանդակությամբ համագործակցության ծավալմանն ուղղված նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ նպատակ ունենալով  ամրապնդել պետական հատվածում աշխատաշուկայի եւ բուհ-երի միջեւ կապը, ինչպես նաեւ օգտագործել հանրապետության գիտական եւ մասնագիտական ներուժը՝ տնտեսական մրցակցությանն առնչվող ժամանակակից մարտահրավերների համար  առավել արդյունավետ լուծումներ գտնելու աշխատանքներում:

Նա հավելել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ նույնպես փոխշահավետ գործակցություն զարգացնել, որը կարող է ընդգրկել ուսանողների համար գործնական դասընթացների կազմակերպումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց մասնակցություն ունենալ ուսումնասիրությունների գործընթացներին, ինչպես նաեւ առանձին հարցերում համագործակցել՝ օգտագործելով համալսարանի մասնագիտական կարողությունները:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես քննարկել են թվային հարթակի ներդրման հարցում տվյալների վերլուծաբանի ներգրավման, հանձնաժողովի կողմից ավարտական աշխատանքների թեմաների պատվիրակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ  համագործակցության  զարգացման այլ հնարավոր ուղղություններ` տնտեսական մրցակցությանն առնչվող խնդիրների կարգավորման, հանրային իրազեկման եւ վստահության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության զարգացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք հետագա քայլերի շուրջ: