Միջազգային Քրեական դատարանի Վերաքննիչ բաժանմունքի դատավորները կանաչ լույս են վառել դատախազների ճանապարհին հետաքննություն սկսելու թալիբների, աֆղանստանյան ուժերի եւ ԱՄՆ զինծառայողների ու հետախուզության աշխատակիցների դեմ՝ կապված հնարավոր ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հետ, փոխանցում է AP-ն:

Չնայած հետաքննությունը թույլատրված է, դեռեւս հայտնի չէ՝ կհայտնվե՞ն արդյոք որեւիցե կասկածյալներ կամ մեղադրյալներ. թե՛ Աֆղանստանը, թե՛ Միացյալ Նահանգները վճռականորեն դեմ են հանդես գալիս հետաքննությանը, իսկ ԱՄՆ կառավարությունը հրաժարվում է ՄՔԴ-ի հետ համագործակցելուց:

Դեկտեմբերին տեղի ունեցած լսումների ժամանակ դատախազները պնդում էին, որ ՄՔԴ նախնական վարույթի բաժանմունքի դատավորները անցյալ տարվա ապրիլին սահմանազանցել էին իրենց լիազորությունները, երբ հրաժարվել էին թույլ տալ հետաքննությունը: Վերաքննիչ բաժանմունքի դատավորները սրան համաձայն են:

«Դատախազը պետք է լիազորություններ ստանա սկսելու 2003 թվականի մայիսի 1-ից Աֆղանստանի տարածքում կատարված ենթադրյալ հանցագործությունների հետաքննությունը, ինչպես նաեւ այլ հնարավոր հանցագործությունների, որոնք կապ ունեն Աֆղանստանում հակամարտության հետ»,- ասել է նախագահող դատավոր Պյոտր Հոֆմանսկին:

Աֆղանստանում նախաքննությունից հետո, որը տեւել է 10 տարուց ավելի, 2017 թվականի նոյեմբերին ՄՔԴ դատախազը դատավորներին խնդրել է թույլ տալ լայնածավալ հետաքննությունը: Նա նշել է, թե տեղեկություններ կան, որ ԱՄՆ ռազմական եւ հետախուզական մարմինների աշխատակիցները «գլխավորապես 2003-2004 թվականներին Աֆղանստանում եւ այլ վայրերում հակամարտության ժամանակ ձերբակալված անձանց նկատմամբ կատարել են խոշտանգումների, դաժան վերաբերմունքի, անձի արժանապատվության դեմ ոտնձգությունների, բռնաբարությունների եւ սեռական բռնության գործողություններ»:

Նա նաեւ հայտնել է, որ 2009 թվականից թալիբները եւ այլ ապստամբ խմբավորումներ սպանել են ավելի քան 17 հազար աֆղանստանցի խաղաղ բնակիչների, իսկ աֆղանստանյան անվտանգության ուժերը կասկածվում են կալանավայրերի կառավարական կենտրոններում բանտարկվածներին խոշտանգելու մեջ: