Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման արդյունքում կարող է խախտվել հայերի «ազգային ինքնությունը», որը «շատ դեպքերոմ հենվում էր հենց Թուրքիայից անջատվելու վրա»։ Նման բացասական սցենար է Day.az գործակալության թղթակցի հետ զրույցում հնչեցրել Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը։ Ըստ նրա, դա կարող է դառնալ հայ-թուրքական հաշտեցման բացասական հետեւանքներից մեկը։

Դրական փոփոխությունների շարքում նա նշել է Հայաստանի տնտեսական վիճակի բարելավումը։ «Բայց չէ որ սահմանների բացման իրական պատճառը, ըստ երեւույթին, Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից խուսափելն է։ Քայլ կատարելով դեպի Թուրքիա, Հայաստանը դրանով իսկ որոշ ժամանակով խաղաղություն է ապահովել իր համար։ Իսկ դա վեր է ամեն ինչից»,- ընդգծել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյո՞ք թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը հեռացնել Հայաստանին Ռուսաստանից, Միխայիլ Դելյագինն ասել է. «Ինքնին այդ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին չի հեռացնի Ռուսաստանից»։