Եթե ԱԺ պատգամավորը հայտարարում է՝ կորոնավիրուսը ժամ–ժամ ավելանում է, եւ ես հաշվել եմ 13 կայք վերնագիր են գրում՝ «Կորոնավիրուսը ժամ–ժամ ավելանում է. ԱԺ պատգամավոր», խուճապ տարածվո՞ւմ է, թե՞ չէ, ես կարծում եմ՝ տարածվում է։Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ կիրառվող ԶԼՄ–ների սահմանափակումներին։
Պատգամավորը բացատրեց, թե ինչու է արգելվում այլ երկրի մասին ասել, որեւէ բան. «Կորոնավիրուսը եւ Հայաստանում, եւ երկրագնդի վրա ցանկացած երկրում նույն բանաձեւն ունի չէ՞, իրենից մարդիկ նույն կերպ վարակվում, հիվանդանում են, եւ եթե պայմանական ասած դուք հայտարարում եք իքս երկրում մարդիկ կեսգիշերից հետո պատկերավոր ասած՝ գայլ են դառնում, խուճապ է առաջացնում, որովհետեւ այդ նույն վիրուսը Հայաստանում կա։ Հետեւաբար, երբ ասվում է, որ պետք է սահմանափակվի նաեւ այլ երկրների նկատմամբ ինֆորմացիան կամ գոնե համապատասխանեցվի, սա դրա համար է արվում, որովհետեւ այդ նույն երկրի խորհրդարանը կարող է վաղը նիստի ժամանակ նույն ձեւ հայտարարի, ասի՝ օրինակ Հայաստանում կորոնավիրուսից մահանում են մարդիկ, խաբում են թվերը»։
Նրա խոսքով՝ երբ հայտնի մարդու մասին է խոսքը, այն ավելի ռիսկային է. «Մարդիկ մտածում են, դե եթե երկրի ղեկավարն է անպաշտպան, ուրեմն մենք իսկապես անպաշտպան ենք։ Հետեւաբար այս սահմանափակումները բոլորս էլ հասկանում ենք, որ ողջամտության սահմաններում ամեն ինչ արվելու»։




























