ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծում է՝ արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը, որ այսօր՝ մարտի 20-ին ներկայացվել է ԱԺ, մի շարք խնդիրներ ունի։

«Հինգ տարվա ազատազրկումը շատ խիստ է եւ բազմաթիվ խնդիրներ կան, պետք է վերանայենք։ Մամուլի մասով ես դեմ եմ։ Եկեք իրավական որոշակիության հարցրը կարգավորենք, որ պարետատունը ինչ ուզենք չկարողանա մեկնաբանել որպես խուճապ եւ դա բանեցվի ընդդեմ մամուլի։ Պարզ չի՝ ինչն է խուճապ է առաջացնում։ Ի սկզբանե պարզ էր եղել, հետո որ սկսեցին պահանջել նյութերը հանել, արդեն դարձավ, որ պարզ չի՝ ինչն է խուճապ առաջացնում, որովհետեւ այնպիսի նյութեր են հանում, որ խնդիր է»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ նախագծի վերաբերյալ  հանդես կգան գրավոր առաջարկներով։

Պատգամավորը մեջբերեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կատարած վերլուծությունը, որում ուսումնասիրվել է 12 երկիր եւ նրանցից միայն երկուսի՝ Ռումինիայի եւ Հոնդուրասի արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենսդրության մեջ գրաքննություն կա։ Մյուս երկրների՝  ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Սերբիայի, Պորտուգալիայի եւ Մակեդոնիայի պարագաներում գրաքննություն չկա։

«Այսինքն նաեւ այս պահին կան երկրներ, որտեղ արտակարգ դրության իրավական ռեժիմ է գործում եւ պետք է սա հաշվի առնենք»,- նշեց նա։ 

Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաեւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ֆորսմաժորային համարվող իրավիճակներին՝ կարծիք հայտնելով, որ արդարադատության նախարարությունը պետք է պաշտոնական պարզաբանում տա՝ արդյոք կառավարության հայտարարած արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է համարվել ֆորս մաժոր եւ որ դեպքերում։

«Հարցը հետեւյալն է՝ արդյոք կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմը կարող է համարվել ֆորմս մաժոր, թե ոչ։ Դա ասում եմ, որովհետեւ հիմա մարդ կա, օրինակ, որ տարածք է վարձակալել, սրճարան է աշխատեցնում, հիմա սրճարանը փակվել է, տարածքի տերը եկել, ասում է՝ վարձավճարս տուր։ Կարո՞ղ է ինքն ասել՝ ֆորս մաժոր է, դեռ մի ուզի, մինչեւ տեսնենք՝ ինչ է։ Եթե ասի, տարածքի տերն էլ վարկ ունի, վարկով է տարածքը առել, վարձով տվել, կարո՞ղ է ինքն էլ բանկին ասել, որ ֆորս մաժոր է, թե չէ։ Մարդիկ, որ տանն են մնացել դրա պատճառով, կարո՞ղ են պետությունից աջակցություն ստանալ, թե չէ»,- ասաց նա։  

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։