Հայաստանի իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունները հոկտեմբերի 2-ին հանդես են եկել հայտարարությամբ, որով պատասխանատվություն են ստանձնել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների համար:

Հայտարարության մեջ, որ Ազգային ժողովում հրապարակեցին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ու Արամ Սաֆարյանը՝ ԲՀԿ-ից, մասնավորապես ասված է. «Այս օրերին բոլորս միասին վկան ենք հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, որը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ելքը: Գործընթացն իր վրա է սեւեռել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային հանրության ուշադրությունը՝ նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետեւանքային կապերը»:

Ըստ կոալիցիայի անդամ կուսակցությունների՝ «Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Ամենեւին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը` Հայաստանի Հանրապետությունն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար»:

Նախաստորագրված արձանագրությունները, ըստ կառավարող ուժերի՝ արտացոլում են Հայաստանի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլ ընդհակառակը՝ ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ:
«Մեր ժողովրդի իմաստնությունը թելադրում է վճռականություն դրսեւորել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Եվ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը` կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»: