Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր էջում Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին շուտափույթ ապաքինում է մաղթել։
«Սիրելի Նազիկ, պինդ մնա, վստահ եղիր,որ հաղթահարելու ես բոլոր դժվարությունները: Ես քո բազմաթիվ երկրպագուների հետ միասին հավատում եւ զորակցում եմ քեզ: Դու բազմիցս ես ապացուցել, որ կարող ես կռիվ տալ եւ հաղթող դուրս գալ անգամ ամենադժվար իրավիճակներում: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Մենք դեռ տեսնելու ենք քո նոր հաղթանակները»,- ասել է նա իր էջում:
Հիշեցնենք, որ չեմպիոնուհին ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Երեկ երեկոյան նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել էր, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ:
Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ։ Նա առայժմ չնշեց, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու վիրահատությունը, հավելելով, որ «Էրեբունիում» կան անհրաժեշտ բոլոր միջոցներն ու տեխնիկան`վիրահատությունը կատարելու համար: Աշխարհի չեմպիոնուհուն է այցելել Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ավելի վաղ, ապրիլի 26-ին նրան էր այցելել նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտերի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին: Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























