ՄԱԿ մարդու իրավունքների վարչությունն իր անհանգստությունն է հայտնել որոշ երկրներում կարանտինի ընթացքում արձանագրված ոստիկանական բռնությունների աճով, հաղորդում է Reuters-ը։
«Արտակարգ լիազորություները չպետք է դառնան զենք, որը կառավարությունները կարող են օգտագործել այլախոհության ճնշման, բնակչության վերահսկողության եւ նույնիսկ իրենց իշխանության ժամկետի հավերժացման համար»,- հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատր Միշել Բաչելետը։
Վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ նոր կորոնավիրուսի պատճառով մոտ 80 երկրներ արտակարգ դրություն են հայտարարել։ Ամենաշատ անհանգստության տեղիք տվող երկրներն են․ Նիգերիան, Քենիան, Հարավային Աֆրիկան, Ֆիլիպինները, Շրի Լանկան, Սալվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը, Պերուն, Հոնդուրասը, Հորդանանը, Մարոկկոն, Կամբոջան, Ուզբեկստանը, Իրանը եւ Հունգարիան։
Ըստ դաշտային գործողությունների գծով տնօրեն Ջորջետ Գանյոնի, այս ցուցակին կարելի է էլի մի տասը երկիր ավելացնել։ «Արտակարգ միջոցառումներին առնչվող հիմնական անհանգստությունն այն է, որը որոշ երկրներում կոչում են «լոկալիզացիայի տոքսիկ մշակույթ»»,- ասել է Գանյոնը։ «Ինչպես նշել է գլխավոր հանձնակատարը, ոստիկանությունը եւ անվտանգության այլ ուժերը կարանտինի եւ պարետային ժամի ապահովման համար չափազանց, իսկ երբեմն նաեւ մահացու վտանգ ներկայացնող ուժ են կիրառում»։
Տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել համաճարակի հետ կապված ազատության սահմանափակումների միջոցառումների խախտման համար։ Այս հարցում առաջատարը Ֆիլիպիններն է, որտեղ վերջին 30 օրվա ընթացքում ձերբակալվել է 120 հազար մարդ։
Քենիայում իշխանությունները հետաքննում են մահվան 20 դեպքերի հանգամանքները, կապված պարետային ժամի ընթացքում ոստիկանության գործողությունների հետ։ Նախագահ Ուխուրու Կենյատան ներողություն է խնդրել ոստիկանության կողմից ցուցաբերված բռնության համար։
Հարավային Աֆրիկայից ստացված հաղորդագրությունների համաձայն, սոցիալական հեռավորության պահպանման համար ոստիկանությունը ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ մտրակներ է կիրառել, մանավանդ աղքատ թաղամասերում։ Հետաքննվում է 39 բողոք, այդ թվում՝ սպանություններ, բռնաբարություններ, զենքի կիրառումներ եւ կոռուպցիա։
ՄԱԿ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի վարչության տվյալներով, Նիգերիայում անվտանգության ուժերը կարանտինի խախտման համար 18 մարդ են սպանել։



























