Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը եւ հետագա զարգացման հեռանկարներն են քննարկել այսօր` ապրիլի 29-ին Երեւանում Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք դրական է գնահատվել համագործակցության բարձր մակարդակը եւ հարաբերությունների արագ զարգացումը:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` առանձնացնելով  մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ոստիկանական համակարգի բարեփոխումները,  ազատության, արդարադատության եւ անվտանգության ոլորտում  իրականացվող աշխատանքները: Նա անդրադարձ է կատարել Արեւելյան Ներդրումներ ծրագրին` ընդգծելով այդ ծրագրի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների ճանապարհին եւ հետագա առավել սերտ փոխգործակցության հնարավորությունները:

Արթուր Բաղդասարյանը իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության` ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ` շեշտելով համագործակցության հրապարակայնության կարեւորությունը: Ընդգծվել է  Հայաստանում Եվրամիության տեղեկատվական կենտրոնների հիմնման կարեւորությունը: