Համաշխարհային առաջնորդներն ու կազմակերպությունները պարտավորվել են 8 միլիարդ դոլար հատկացնել COVID-19-ի բուժման համար տախատեսված հնարավոր պատվաստանյութի հետազոտման, արտադրութան եւ տարածման համար, սակայն Միացյալ Նահանգները հրաժարվել են մասնակցել համաշխարհային ջանքերին, փոխանցում է Reuters-ը:
Որպես կազմակերպիչներ` հանդես են եկել Եվրամիությունը եւ ԵՄ-ի մեջ չմտնող երկրները` Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Սաուդյան Արաբիան: Վիրտուալ միջոցառմանը միացել են առաջնորդները Ճապոնիայից, Կանադայից, Հարավային Աֆրիկայից եւ տասնյակ այլ երկրներից:
«Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում մենք պարտավորվեցինք 8.1 միլիարդ ԱՄՆ դոլար տրամադրել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի, ախտորոշման եւ բուժման համար» - հայտարարել է Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Դա կօգնի աննախադեպ գլոբալ համագործակցություն սկսել»,- հավելել է նա: Ըստ ֆոն դեր Լայենի` դոնորների թվում է նաեւ երգչուհի Մադոննան, ով խոստացել է 1 միլիոն եվրո հատկացնել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատվաստանյութի որոնումը «մեր կյանքի ամենակարեւոր խնդիրն է» եւ կոչ է արել «անթափանց վահան ստեղծել մեր բոլոր մարդկանց շուրջ»:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հրաժարվել է ասել, թե ինչու են Միացյալ Նահանգները հրաժարվել մասնակցել միջոցառմանը:
Ըստ Եվրահանձնաժողովի` 8 միլիարդ դոլարից 3 միլիարդ դոլար կպահանջվի COVID-19-ի դեմ հնարավոր պատվաստանյութի մշակման, արտադրության եւ տարածման համար: Եվս 2.25 միլիարդ անհրաժեշտ է COVID-19-ի բուժման միջոցների մշակման համար, 750 միլիոն` թեստերի համար, եւս 750 միլիոն` բժշկական դիմակների համար: Մնացած 1.25 միլիարդը կտրամադրվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` ամենախոցելի երկրներին աջակցելու համար:




























