Ռուսաստանցի միլիարդատեր, «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը կորոնավիրուսի համավարակի ընթացքում ինքնամեկուսացվել է Մոնակոյում:

«Իմ գրեթե ամբողջ ընտանիքն այժմ Մոնակոյում է` ծնողներիս հետ միասին: Ժամանակի մեծ մասը ես այստեղ եմ անցկացնում: Սահմանները փակելուց առաջ մենք պատրաստվում էինք մեկնել Կուրշեվել, սակայն լուրերից դատելով ես հասկացա, որ այնտեղ կարող են խնդիրներ լինել, եւ մենք մնացինք Մոնակոյում: Քաղաքում կարելի է համեմատաբար հանգիստ տեղաշարժվել, բայց հարցն այն է, թե ինչու՞: Ծնողներս արդեն մեծ են, եւ ես չեմ ուզում նրանց վտանգի ենթարկել: Այսպիսի դժվար պահին ինչ-որ տեղ գնալու անհրաժեշտություն չեմ տեսնում, իսկ մոտակա խանութը տնից երեք րոպեի հեռավորության վրա է», - ասել է նա ռուսական Forbes-ին տված հարցազրույցում:

«Հեռավար աշխատանքին ես արդեն սովոր եմ Մոսկվայից, այս իրավիճակն ինձ համար նոր չէ: «ՌԵՍՈ» խմբի համար այժմ դժվար ժամանակ է, ինչպես եւ Ռուսաստանի ամբողջ ֆինանսական հատվածի համար: Ցավալի է, որ մեզ չեն ընդգրկել համակարգակազմիչ ընկերությունների ցանկում. դժվար է ավելի շատ համակարգակազմիչ ընկերություններ գտնել, քան ապահովագրական ընկերություններն են: Ես ոչ մի դեպքում չեմ ուզում բողոքել, քանի որ կան բիզնեսներ, որոնք ավելի շատ են տուժել` ավիաընկերությունները, տուրիզմը, հյուրանոցները, ռեստորանները: Բայց եւ հաճախորդների առջեւ նրանց պատասխանատվության աստիճանը բոլորովին այլ է»,- շեշտել է գործարարը:

«Մենք դեռ դիմակայում ենք եւ սկզբունքորեն չենք պլանավորում աշխատակիցներին հեռացնել աշխատանքից. մենք շատ պրոֆեսիոնալ թիմ ունենք, մենք նրանց շատ ենք գնահատում, հասկանում ենք պատասխանատվության աստիճանը մարդկանց եւ նրանց ընտանիքների նկատմամբ»,- նշել է Սարկիսովը: 

«Ես զբաղմունք ունեմ, եւ ինքնամեկուսացման պայմաններում ոչ թե ձանձրանում են, այլ օրվա ժամերն ինձ համար կրիտիկապես քիչ են: Ընկերներիս հետ շփվում եմ միայն հեռախոսով, փոխարենը պահպանում ենք մեր առողջությունը, չենք խմում, ինչպես դա լինում է սովորաբար հանդիպելիս: Նպատակաուղղված շատ եմ կարդում Մաքսիմ Գորկու կյանքի եւ գործունեության մասին` նրա կանանց, ընկերների, ծանոթների: Արծաթե դար: Ինչպիսի՜ մարդիկ են նրան շրջապատել: Դա ուղղակի ֆանտաստիկ պլաստ է: Ես նախատեսում եմ այդ մասին սերիալ նկարահանել»,- նշել է գործարարը: