Վերջին շաբաթներին աշխարհի մի շարք երկրներում տեղի ունեցող երկրաշարժերի շարքը կարելի է բնութագրել որպես առանձին ժամանակահատվածներում սեյսմիկ ցիկլերի ակտիվացման փուլերից մեկը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ՝ մայիսի 1-ին աշխարհի մի շարք երկրներում գրանցված երկրաշարժերի թեմային։
«Խոսքն այս օրերին գնում է ամբողջ աշխարհում սեյսմիկ ցիկլերի ակտիվացման եւ պասիվացման մասին, եւ վերջին երկու-երեք շաբաթները կարելի է հերթական ակտիվացման փուլերից մեկը համարել։ Նույնիսկ հաշվարկներ են արվում, որ եթե աշխարհի այս հատվածում այսինչ հզորությամբ երկրաշարժ տեղի ունենա, ապա դա կարելի է համարել սեյսմիկ այս ցիկլի ակտիվացման ավարտը»,- ասաց մասնագետը։
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության Արեւմտյան ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հայկ Հայրապետյանն իր հերթին հավելեց, որ մայիսի 1-ին երկրաշարժեր գրանցվել են նաեւ Հայաստանի հարեւան Իրանում եւ Վրաստանում, որոնք, սակայն, մեր երկրի վրա որեւէ բացասական ազդեցություն չեն ունեցել։ «Հայաստանում երկրաշարժ չի գրանցվել։ Իսկ ահա Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը եղել է 2,7 մագնիտուդ հզորության»,- տեղեկացրեց Հայկ Հայրապետյանը։
Նշենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, երկրաշարժերի շարք է գրանցվել աշխարհի մի շարք երկրներում՝ Ճապոնիայում, Հունաստանում, Թուրքիայում, Վրաստանում եւ Իրանում։




























