Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սահակաշվիլուն Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակումից արդյունքներ է ակնկալում առաջիկա ամիսներին, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը։

Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է ԱՆդրկարպատներ աշխատանքային այցի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ։

«Սահակաշվիլուց աշխատանքի արդյունքներ ակնկալում եմ ոչ թե նրա նշանակումից երկու օր անց, այլ առաջիկա ամիսների ընթացքում։ Արդյունքներ բիզնեսում կարգավորման հարցով եւ մաքսային բարեփոխումներ»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքերով՝ Սահակաշվիլին Վրաստանում նախագահության շրջանում իսկապես կարողացել է հաղթահարել կոռուպցիան եւ ժամանակակից մաքսատուն կառուցել։

«Մենք նրա հետ շատ ենք այդ մասին խոսել։ Նա պատմել է, որ ժամանակին նոր մարդիկ է նշանակել մաքսատանը, այնուհետեւ բոլորին վռնդել է։ Որոշ ժամանակ անց նշանակել է ուրիշներին, եւ ստիպված է եղել կրկին վռնդել։ Դե, այդպիսի բարդ բան է մաքսատան բարեփոխումը։ Ես ուզում եմ, որ նա դրանով զբաղվի»,- ասել է Զելենսկին։

«Երկրորդ պահը՝ նա բավական ամուր ներդրումային կապեր ունի շատ երկրների հետ։ Երբ նրանք կառուցում էին Բաթումը, դա տարբեր ներդրողների ներգրավում էր, այն ժամանակ այնտեղ կառուցեցին մեծ ցանցային հյուրանոցներ։ Նա փորձ ունի»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նաեւ Զելենսկին ասել է, թե իրեն հետաքրքրում է Սահակաշվիլու օգնությունը թոշակային բարեփոխման հարցում, որն անհրաժեշտ է Ուկրաինային։

«Նրա գործերը քիչ չեն, բարեփոխումները քիչ չեն»,- հայտարարել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի շրջկոմի նախկին ղեկավար Միխայիլ Սահակաշվիլուն նշանակել է երկրի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ։