Ադրբեջանում կրկնել են գերիներին բոլորին բոլորի հետ փոխանակելու հայկական կողմին ուղղված առաջարկությունը։ Գաղափարը Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի մամուլի ասուլիսում հնչեցրել է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմետ Գաջիեւը։
Գաջիեւը նշել է, որ Ադրբեջանը «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիների եւ պատանդների փոխանակման կողմ է հանդես գալիս։ «Միջազգային հանրության դիրքորոշումն այն է, որ, մարդասիրական սկզբունքներից ելնելով, գերիներն ու պատանդները պետք է փոխանակվեն: Մենք ձգտում ենք գերիներին ու պատանդներին փոխանակել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Իսկ Հայաստանը այս հարցում նույնպես այլ դիրքորոշում է ցուցաբերում»,- ասել է նա:
Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում կա երեք գերեվարված հայ՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանը եւ Արայիկ Ղազարյանը: Իսկ ահա Հայաստանում Ադրբեջանի գերեվարված քաղաքացիներ չկան:
Լեռնային Ղարաբաղում առանձնապես ծանր հանցագործություններ՝ մի քանի սպանություններ կատարելու, այդ թվում՝ անչափահասի սպանության համար, իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը։





























