Կառավարությունները պետք է մեծացնեն ֆինանսավորումը հոգեբանական աջակցության ծառայությունների համար, քանի որ դրանց պահանջարկը զգալիորեն աճել է, չորեքշաբթի օրը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը համավարակի ժամանակ մարդկանց հոգեբանական առողջության պահպանման մասին զեկույցի ներկայացման ժամանակ, փոծանցում է ՏԱՍՍ-ը:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ հիվանդության սպառնալիքն ինքնին, սիրելիների մահը, տանը մնալու անհրաժեշտությունը դժվար հոգեբանական թեստ է դարձել աշխարհի շատ մարդկանց համար: «Հոգեբանական աջակցության ծառայությունները պետք է կառավարության գործողությունների կարեւոր մաս դառնան COVID-19-ի համավարակի ընթացքում»,- ասել է գլխավոր քարտուղարը: «Այս ծառայությունները պետք է ընդլայնվեն եւ լիարժեք ֆինանսավորում ստանան»:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կարանտինային միջոցառումները կարող են հատկապես ծանր ազդել նրանց վրա, ում մոտ նախկինում արդեն հոգեբանական շեղումներ են նկատվել: «Նրանց իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն»,- ասել է Գուտերեշը:
Գլխավոր քարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ երկրների՝ համավարակից վերականգնմանը զուգահեռ հոգեբանական օգնությունը կներառվի ընդհանուր առողջապահական ծրագրերում:





























