Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած մսի ճգնաժամի ֆոնին միսն անհասանելի է դարձել շարքային ամերիկացիների համար՝ դառնալով սնունդ բացառապես հարուստների համար, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:
ԱՄՆ-ի խոշորագույն ձեռնարկությունները, ինչպիսիք են Tyson Foods-ը եւ Cargill-ը, սկսել են փակվել վերջին շաբաթներին աշխատողների շրջանում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Բանն այն է, որ խոշոր ձեռնարկությունների աշխատակիցների մեծ մասը ներգաղթյալներ են ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից, միգրանտներ, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ արձակուրդ վերցնել կամ համապատասխան բուժօգնություն ստանալ: ԱՄՆ-ում հիվանդության բռնկման հետեւանքով կրճատվել են մսամթերքի վերամշակման ծավալները, ինչն ազդել է սովորական մթերային խանութների տեսականու վրա, որտեղ մսի դարակները սկսել են դատարկվել:
Սակայն ճգնաժամը չի ազդել թանկ, օրինակ, օրգանական մսի վրա, որը կարող է երկու կամ երեք անգամ ավել արժենալ, քան սովորական միսը: Նման ձեռնարկությունները չեն փակում, քանի որ նրանց աշխատակիցներն ավելի քիչ են եւ նրանք, ի տարբերություն խոշոր գործարանների, կարող են ավելի հաջողությամբ հետեւել սոցիալական հեռավորության պահպանման կանոններին եւ սանիտարական ստանդարտներին:
Կանզասում մսի վերամշակման ոչ մեծ գործարանի սեփականատեր Մայք Կալիկրաթը նշել է, որ իր տավարի, խոզի մսի եւ թռչնամսի բիզնեսը ծաղկում է՝ ավելանալով գրեթե երկու անգամ: Ըստ նրա՝ հաճախորդները, ովքեր ցանկանում են մսի պաշար հավաքել, «հերթ են կանգնել»:
Կորոնավիրուսի հետեւանքով ԱՄՆ-ում միսը բառացիորեն հարուստների համար սննդի է վերածվել, նշում է թերթը: Մինչ միջին վիճակագրական քաղաքացիները բախվում են աճող գործազրկության եւ եկամտի կորստի հետ եւ ընտրության առջեւ են կանգնում՝ մսի համար ավելի շատ վճարել, թե հրաժարվել դրանից, մեծահարուստները չեն բախվում ոչ դեֆիցիտի, ոչ էլ արտադրանքից հրաժարվելու անհրաժեշտության հետ:
Սննդի արդյունաբերության եւ առեւտրի աշխատողների միջազգային միության տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է ամերիկյան մսի արտադրության ոլորտի առնվազն 30 աշխատող եւ վարակվել է ավելի քան 10 հազար մարդ: Արհմիությունը մայիսի 8-ին հայտարարել էր, որ վերջին երկու ամսվա ընթացքում փակվել էր առնվազն 30 գործարան, հիմնականում՝ խոշոր:




























