Օդային փոխադրումների վրա կորոնավիրուսի ազդեցությունը կզգացվի շատ տարիներ, Օդային տրանսպորտի միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ ուղեւորահոսքը մինչեւ նվազագույնը 2023 թվականը չի վերականգնվի նախաճգնաժամային մակարդակին, փոխանցում է CNBC-ն:

Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ուղեւորափոխադրումների պահանջարկը համավարակի մեկնարկից սկսած ունեցել է ավելի քան 90 տոկոսի անկում, վերականգնումը կլինի ավելի դանդաղ՝ կարանտինի ընդլայնման եւ ուղեւորությունների սահմանափակման դեպքում:

«Մենք կառավարություններին խնդրում ենք օգտագործել ոլորտի վերագործարկման եւ թռիչքների վերսկսման փուլային մոտեցում»,- CNBC-ին ասել է IATA-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր դե Ժունիակը: Նա հույս ունի, որ թռիչքները կվերսկսվեն ամռանը:

«Մենք ձգտում ենք երկրորդ եռամսյակի վերջին ներքին շուկայի բացմանը եւ ընդլայնմանը, նաեւ տարածաշրջանային կամ մայրցամաքային շուկաների բացմանը երրորդ եռամսյակին, ինչպիսին են Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, ու աշնանը՝ միջմայրցամաքային շուկաների,- ասել է նա: - Հետեւաբար ամռանը Եվրոպայի ներսում չվերթների վերսկսման հույս ունենք»:

Եվրամիության արտաքին սահմանները շարունակում են մինչեւ հունիսի կեսը փակ մնալ ԵՄ-ի մեջ չմտնող երկրների քաղաքացիների համար: Եվրահանձնաժողովը իր անդամ պետություններին հանձնարարել է սահմանների բացման փուլային մոտեցում, որը կսկսվի կորոնավիրուսային ինֆեկցիայի ցածր մակարդակով երկրներից: