Այսօր,ժամը 14-ին Երևան կինոթատրոնի մոտից Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը կանցկացնի բողոքի երթ դեպի Կառավարություն, Արտաքին գործերի նախարարություն և Նախագահի նստավայր: Թեեւ Երեւանի քաղաքապետարանը չի արտոնել ակցիան, սակայն այն կայանալու է: Երթի ընթացքում պետական մարմիններին կհանձնվի նամակ-պահանջագիր՝ ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչման գործընթաց սկսելու և հայ թուրքական նախաստորագրված արձանագրություններից հրաժարվելու պահանջով:

Պահանջագրում մասնավորապես ասվում է. «Ազգային նոր պահպանողական շարժման ուսանողական միությունը ըմբռնելով հայ-թուրքական հարաբերությունների „կարգավորման“ պատճառով երկու հայկական պետությունների համար առաջացած վտանգի էությունը, փաստելով, որ նախաստորագրված արձանագրությունների այն կետը, որտեղ հաստատվում է այլ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը, հստակորեն վերաբերվում է Ղարաբաղյան հարցին և ակնարկում Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը, անհանգստանալով այն հանգամանքով, որ մեր պատմական Հայրենիքի որոշ տարածքներ դարձել են քաղաքական շահարկումների առարկա, գիտակցելով Թուրքիայի հետ սահմանների բացման ամբողջ բացասական հետևանքները, հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հակասում է հայ ժողովրդի պետական և ազգային շահերին: Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է հստակեցում մտցնել ազգային կարևորություն ունեցող մի շարք գործընթացների տրամաբանության մեջ: Ուստի Ազգային նոր պահպանողական Շարժման ուսանողական միությունը ՀՀ նախագահից եւ կառավարությունից պահանջում է.

ա) ճանաչել ԼՂՀ անկախությունը ներկայիս սահմաններում՝ այդպիսով հստակորեն տարանջատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ԼՂ հիմնահարցից

բ) սկսել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց՝ չթույլատրելով, որպեսզի Արցախը ետ մնա այդ գործընթացում արդեն իսկ ընդգրկված Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և այլ ինքնահռչակ պետություններից,

գ) հրաժարվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ներկայիս տարբերակի վավերացումից: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախապայման ընդունել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արևմտյան Հայաստանի հանդեպ հայ ժողովրդի պատմական իրավունքի հաստատումը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ՀՀ ապօրինի շրջափակման արդյունքում առաջացած վնասների փոխհատուցումը»: