Ֆրանսիայի հյուսիսում շաբաթ օրը մի քանի հազար մարդ բողոքի ցույց է սկսել Renault ավտոկոնցեռնի խնայողության նոր միջոցառումների դեմ։ Ցույցը, որին մասնակցելու կոչ են արել արհմիությունները, անցկացվել է Մոբյոժում ընկերության գործարանի մոտ, հայտնում է DW-ն։

Նախօրեին Renault-ն առաջիկա երեք տարիներին ծախսերն ավելի քան երկու մլրդ եվրոյով կրճատելու ծրագիր էր ներկայացրել։ Ծրագիրը ենթադրում է արտադրության օպտիմալացման տարբեր միոցառումներ, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում մոտ 15 000 աշխատակիցների համար փոփոխություններ։ Մասնավորապես, Ֆրանսիայում 4600 աշխատակիցների կառաջարկվի վերապատրաստում, սեփական ցանկությամբ հեռանալու խրախուսում կամ այլ ծրագրեր, իսկ այլ երկրներում ավելի քան 10 000 աշխատատեղ կկրճատվի։

Ընդ որում, Մոբյոժում նախատեսում են գործարանը տեղափոխել այլ քաղաք, հայտնել է AFP-ը։ Միաժամանակ, Renault-ն հայտարարել է, որ կփակվի միայն մի փոքր գործարան՝ Փարիզի արվարձանում։

Ավելի վաղ Փարիզի իշխանությունները համաձայնել էին ֆինանսական աջակցություն ցուցաբերել կորոնավիրուսի համավարակից տուժած Renault-ին։ Փոխարենը ընկերությունը պետք է կատարի մի շարք պայմաններ, մասնավորապես՝ արտադրի ավելի շատ էլեկտրամոբիլներ եւ մասնակցի մարտկոցների ստեղծման ու արտադրման գերմանա-ֆրանսիական նախագծին։