Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումների համատեքստում, շարունակելով համահայկական ուղեւորությունը, հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը հանդես է եկել բացման խոսքով, որտեղ հանգամանորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին, փաստաթղթերի ընձեռած հնարավորություններին, առկա հիմնական մտահոգություններին, լսել հանդիպման մասնակիցների տեսակետները խնդրի վերաբերյալ, պատասխանել նրանց հարցերին:

Խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր, եւ վերջին շրջանում պարզապես դրանք հրապարակայնացվել են: Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարեւոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլեւ այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք` վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ` ամրագրելու իր առջեւ դրված նպատակները: Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Նախագահ Սարգսյանը նշել է. «Այո, ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ` օգուտներ քաղել»:

Հանդիպման ավարտից հետո «Հիլթոն» հյուրանոցի սրահում` ի պատիվ Հայաստանի նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ: Ընթրիքի սկզբում սրահ են բերվել Հայաստանի Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կալիֆոռնիա նահանգի դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը:

Դիմելով ընթրիքին մասնակից սփյուռքահայերին` Սերժ Սարգսյանն ասել է. «Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարեւոր քննարկում ծավալեցինք, քննության առանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, դիտարկեցինք հեռանկարները, վերաամրագրեցինք ազգային երկարաժամկետ մեր նպատակները: Սա իմ կողմից նախաձեռնված համահայկական ուղեւորության երրորդ հանգրվանն ու քննարկումն էր, որին մասնակցեցին հայորդիներ ԱՄՆ Արեւմտյան ափից եւ Լատինական Ամերիկայի երկրներից:

Պատճառներից մեկը, թե ինչու այսօր „հայ“ բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն), Թուրքիան է: 19-րդ, 20-րդ դարերի Թուրքիան: Սակայն ցավը` սեր, ընտանիք, օջախ կորցնելու ցավը, թերեւս, հազարամյակներով է չափվում… Բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին` մերժողականություն ենք տեսնում: Ժամանակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տեսնում: Իզուր: Մեր ցավը խորն է: Մեր կորուստը` անամոքիչ: Մեր ձայնը` անլռելի: Մեր ոգին՝ անկոտրում: Այս ամենը կա: Բայց պակասող բաներ էլ ունենք: Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ:

…Ապագա Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին մենք այն կերազենք, կծրագրենք ու կսկսենք կերտել այսօր: Ալեքսանդր Թամանյանը երազում, ծրագրում ու սկսում էր կառուցել համայն հայության մայրաքաղաք Երեւանը: Հաջորդ սերունդներն իսկապես ապրեցին թամանյանական քաղաքում: Իհարկե, ժամանակն իր անխուսափելի սրբագրումներն արեց, բայց, կրկնում եմ, մենք ապրեցինք այդ քաղաքում: Նույն վիճակն է այսօր: Ինչպիսին մենք մեր մտքի ուժով կպատկերացնենք, այնպիսին էլ կլինի մեր վաղվա երկիրը: Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին այն հավատը, որ ուներ Թամանյանը. Նախ՝ իր, ապա հայության ապագայի հանդեպ: Ես այստեղ եմ նաեւ նրա համար, որ մենք միասին նորոգենք մեր հավատը սեփական ուժերի եւ գալիքի նկատմամբ»: