Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցն ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 4-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
ՍՊԱԾ մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ տարածաշրջանում նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 3 բալ եւ ավելի ուժգնությամբ ութ երկրաշարժ: Ապրիլի 28-ին Իրանում` Խոյ քաղաքից 36 կմ հարավ-արեւելք, գրանցվել է 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, իսկ հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ` Խոյից 30 կմ արեւմուտք: Ապրիլի 30-ին 3 բալանոց երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 12 կմ հարավ-արեւմուտք, մայիսի 4-ին նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նույն օրը Թուրքիայի տարածքում գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Բիթլիս քաղաքից 53 կմ հարավ-արեւելք, եւ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:
Հաջորդ օրն Իրանի Մերենդ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 3-4 բալ: Մայիսի 4-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս: Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արեւելք, մայիսի 3-ին գրանցվել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում:
Տարածաշրջանից դուրս 6 մագնիտուդով գրանցվել է մեկ ուժեղ երկրաշարժ, որը տեղի է ունեցել ապրիլի 30-ին Պանամայի հարավային ափամերձ գոտում: Զոհեր եւ ավերածություններ չկան:





























